Երեւանի կրկեսի`  2011թ սեպտեմբերին սկսված վերանորոգումը կավարտվի ոչ թե 2013թ հոկտեմբերին, այլ մեկ տարի ուշացումով` 2014թ հոկտեմբերին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Երեւանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Վերանորոգումը ավարտելու ժամկետների երկարաձգումը պայմանավորված է նախագծի փոփոխությամբ: Որոշվել է, որ կրկեսը պետք է ունենա երկհարկանի ավտոկանգառ, «մանեժը» 6 մետրով պետք է բարձրանա վերեւ: «Այսինքն` կտուրը պետք է 6 մետր բարձրացնենք, դա հնարավորություն կտա լիարժեք օդային ատրակցիոններ բեմադրել, կունենանք 3 մանեժանոց կրկես, մեկը  իջնում է, մյուսը գալիս է, եւ այլն` կապված բարդ տեխնիկայի հետ»,- ասաց Սոս Պետրոսյանը:

Այդ իսկ պատռճառով էլ որոշում ընդունվեց քանդել կրկեսը ամբողջությամբ, որովհետեւ եթե պահպանեին հին կրկեսը, ապա հնարավոր չէր լինի իրագործել: «Ավելի լավ է վերանորոգումը մի քիչ ուշանա, բայց ունենանք մոդեռնիզացված կրկես»,- ասաց նա:

Նոր կառուցվելիք կրկեսը կտարբերվի հնից բարձրությամբ, տեղերի քանակը կավելանա 500-ով, այն կունենա նկուղային հարկ, 3 մանեժ եւ այլն: «Նախկինում, որ գիշատիչ կենդիաններ էինք բերում, ժողովուրդը մի ժամ սպասում էր, որպեսզի վանդակները տեղավորեինք, իսկ այժմ ժամանակակից կրկեսներում մի մանժեը անցնում է ներքեւ,մյուսը բարձրանում է, այսինքն`  կրկեսը ջրի, սառույցի վրա: Ընդամենը 10 րոպե է պահանջվում տրանսֆորմացիայի համար»,- ասաց կրկեսի գեղարվեստական ղեկավարը: Հարցին, թե նախորդ շենքից որեւէ բան պահպանվելու է, նա նշեց, որ «նախորդ շենքից առանձնապես բան չկա պահպանելու, կրկեսը միշտ էլ կլոր է լինում: «Նոր նախագիծը ստացել ենք, դա մի քանի անգամ ավելի լավն է, քան հինը»,- ասաց նա:

Կրկեսի վերանորոգման համար նախատեսել էին 10 միլիոն դոլար, բայց նախագածի փոփոխության արդյունքում այն հավանաբար կկրկնապատկվի: Իսկ թե ինչպես են պատրաստվում ներդրած գումարները ետ բերել, ապա Սոս Պետրոսյանը վստահեցրեց, որ ֆինանսավորողները բիզնես նպատակներ չունեն եւ չեն մտածում այդ մասին: 2013թ պատրաստվում են մեծ միջոցառում կազմակերպել եւ ազդարարել Կրկեսի բացումը, իսկ արդեն 2015թ ամռանը` տոնել Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակը` բարձր մակարդակով կազմակերպելով կրկեսային միջազգային մրցույթ:

Նշենք, որ կրկեսի շենքը հիմնադրման օրվանից՝ 1962 թվականից հետո չի վերանորոգվել:

Հիշեցնենք, որ Մշակույթի նախարարության հովանու տակ գործող Պետական կրկեսի գույքը 2005թ գնահատվել է 408 մլն 821 հազար դրամ եւ օտարվել մրցույթով: Հայտ ներկայացրած Կրկեսի կոլեկտիվը` Սոս Պետրոսյանի գլխավորությամբ150 մլն դրամով սեփականաշնորհել է Երեւանի կրկեսը: