«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամներ Ղուկաս Մեհրաբյանն ու Պետրոս Գեւորգյանը հայտարարություն են տարածել, որտեղ կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին մեղադրել են պաշտոնն ապօրինի բռնազավթելու մեջ:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Վերջերս Պետրոս Մակեյանը, որպես «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ, քննադատության է ենթարկվել ու նրա նկատմամբ դժգոհություն է հայտնվել վայրիվերո քաղաքական վարքագծի, կուսակցության բնականոն աշխատանքները ձախողելու, ինչպես նաեւ անձնական տարբեր նկատառումներով պայմանավորված գործունեության համար, ինչի հետեւանքով կուսակցությունը հայտնվել է փողոցում:
Ի պատասխան այս ամենի Պ. Մակեյանը լրատվամիջոցներում ամեն օր հայտարարում է՝ «Հրաժարական չեմ տա կուսակցության նախագահի պաշտոնից»: Այս կապակցությամբ մենք ստիպված ենք տեղեկացնել, որ Հայաստանի կուսակցությունների մասին օրենքի 18 հոդվածի պահանջով կուսակցությունները պարտավոր են համագումար հրավիրել առնվազն երկու տարին մեկ անգամ։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության կանոնադրության համաձայն՝ համագումարը պետք է հրավիրել տարին մեկ անգամ։ Կուսակցության վերջին համագումարը տեղի է ունեցել 2010 թ. ապրիլի 4-ին: Այսինքն՝ կոպտորեն խախտվել է ինչպես օրենքը, այնպես էլ կուսակցության կանոնադրությունը։ Ըստ այդմ՝ կուսակցության ղեկավար մարմնի՝ քաղխորհրդի եւ ԺՀԿ նախագահի լիզարությունները վաղուց ավարտվել են, եւ Պետրոս Մակեյանի՝ կուսակցության նախագահի դերում հանդես գալն այլ բան չէ, քան պաշտոնի ապօրինի բռնազավթում:
Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, մենք ստիպված, օրենքով սահմանված կարգով, նախաձեռնել ենք «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության գործունեությունը իրավական հիմքերի վրա դնելու վերականգնման աշխատանքները»:



























