Facebook սոցիալական ցանցը ենթարկվել է հաքերների հարձակմանը, ասվում է ցանցի անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Ըստ այդմ, հունվարին հարձակման համար հաքերներն օգտագործել են բջջային հավելվածներ մշակող ընկերության կայքը, որն այցելել են Facebook-ի մի քանի աշխատակիցներ: Հաքերների կողմից կոտրված այդ կայք այցելելու ժամանակ սոցիալական ցանցի աշխատակիցների նոութբուքերի մեջ հայտնվում է էքսփլոյթ, որը թույլ է տալիս հետագայում վնասական նյութեր տեղադրել այնտեղ: Facebook-ի աշխատակիցների նոութբուքերը ունեցել են նորագույն հակավիրուսային ծրագրեր:

Երբ հարձակումը բացահայտվել է, Facebook-ի ներկայացուցիչները այդ մասին տեղյակ են պահել ոստիկանությանը եւ Oracle ընկերությանը, նշելով, որ վերջինիս ծրագրային ապահովումը խոցելի է:

Facebook-ի հայտարարությունում նշվում է, որ չկան տվյալներ, որոնք կվկայեն, որ հաքերներին հաջողվել է մուտք գործել սոցիալական ցանցի օգտատերերի անձնական տվյալների բազա: