Ֆլորիդայում հարցաքննության ընթացքում ՀԴԲ-ի գործակալի կրակոցից սպանված 27-ամյա Իբրահիմ Տոդաշեւը մահից առաջ հասցրել է խոստովանել, որ բոսթոնյան ահաբեկիչ Թամերլան Ցարնաեւի հետ երեք մարդու է սպանել ԱՄՆ-ում: Ըստ Daily Telegraph-ի` ՀԴԲ-ի գործակալներն Իբրահիմին գտել էին միանգամայն պատահական` Թամերլան Ցարնաեւի հետ կապ ունեցածներին ստուգելու ժամանակ:
Հաղորդվել էր, որ մայիսի 22-ի գիշերը ՀԴԲ-ի գործակալները եւ իրավապահ մարմինների աշխատակիցները հարցաքննել էին Տոդաշեւին` Բոսթոնի ահաբեկչության գործով: Տոդաշեւը պատրաստվել էր գրավոր ցուցմունքներ տալու, սակայն հետո հանել է դանակը եւ հարձակվել ՀԴԲ-ի գործակալի վրա: Գործակալը ստիպված էր եղել կրակել: Հարցաքննվողը սպանվել էր, իսկ ՀԴԲ-ի գործակալը վիրավորվել եւ տեղափոխվել հիվանդանոց, հիշեցնում է vesti.ru-ն:
Ավելի ուշ ՀԴԲ-ի նոր հաղորդագրության մեջ ասվել էր, որ «հարցաքննվողը զոհվել է իրավապահ մարմինների աշխատակիցների հետ բախումից հետո, որի ընթացքում նրանցից մեկը վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց», հայտնում է rbc-ն:
Իբրահիմ Տոդաշեւի խոստովանած եռակի սպանությունը տեղի էր ունեցել Մասաչուսեթս նահանգի Ուոլթհեմ քաղաքում` 2011թ. սեպտեմբերի 11-ին. կտրել էին Էրիկ Վայսմանի, Ռաֆայել Տեկենի եւ Բրենդան Մեսի կոկորդը:




























