Արտակարգ իրավիճակների նախարարությունը մանրամասներ է հաղորդել Սարուխան գյուղում տեղի ունեցած դեպքի մասին, որտեղ փլուզվել էր տան մեծ պատշգամբը եւ մոտ 10 մարդ վիրավորվել էր: NEWS.am-ը ԱԻՆ-ից տեղեկանում է, որ հունիսի 21-ին, ժամը 14.18-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղում տեղի է ունեցել պատշգամբի փլուզում, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խւոմբը:
Պարզվել է, որ փլուզվել են Մ. Գափոյանին պատկանող 1970 թ. կառուցված 1,5 հարկանի տան (Թումանյան փողոցի թիվ 7 տուն) պատշգամբի երկաթբետոնե կառուցատարրերը՝ 12 քմ:
Մինչ հրշեջ-փրկարարարների կանչի վայր հասնելը 71-ամյա Գրետա Առաքելյանը, 43-ամյա Անահիտ Խաչիկյանը, 58-ամյա Սիլվա Հակոբյանը, 52-ամյա Ասյա Մոտոյանը, 28-ամյա Ալիտա Բնյանը, 46-ամյա Ծաղիկ Մնեյանը, 63-ամյա Զինա Մնեյանը, 61-ամյա Աիդա Բադոյանը, 40-ամյա Լուսինե Պետոյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները ապամոնտաժել են պատշգամբի կախված երկաթբետոնե կառուցատարրերը՝ 1քմ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 21-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարուխանի բնակիչները հավաքվել էին մասնակցելու համագյուղացու «մահվան 7 օրի» արարողությանը, սակայն տան պատշգամբը փլուզվել է եւ 10 մարդ մարմնական վնասվածք է ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Սարուխանի գյուղապետ Վահան Գեւորգյանը:
Գյուղապետի ներկայացմամբ՝ պատշգամբում գտնվողներն ընկել են ներքեւում կրակի վրա եռացող քուֆթայով լի կաթսայի վրա: Կաթսան շրջվել է եւ եռացող ջուրը լցվել է նրանց վրա:
Նրանք բոլորը տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Գյուղապետը նշեց, որ երկուսը արդեն դուրս են գրվել, այժմ հիվանդանոցում գտնվում է 8 հոգի:
Վահան Գեւորգյանն ասել էր, որ լուրջ բան չկա, կյանքին վտանգ սպառնացող վնասվածք չկա, հիմնականում կոտրվածքներ եւ այրվածքներ են ստացել: Տուժողները սարուխանցի կանայք են` 30-60 տարեկան




























