Հայաստանի Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը հերքում է, որ հունիսի 29-ի ժամը 04.30-ի սահմաններում Թամանյան փողոցում հնչած կրակոցների հեղինակն իր որդին է: Նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այդ մասին իմացել է լրատվամիջոցներից:

Ըստ  emedia.am-ի հավաստի տեղեկությունների` կրակոցների արձակած «Նիսսան Պայտֆայնդեր» մեքենայի վարորդ 20-ամյա Ալբերտ Խ.-ն ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի եղբոր որդին է: Ըստ, ստացված նախնական տեղեկությունների, Ալբերտ Խուդոյանը հենց Սուրեն Խուդոյանի որդին է: Կայքի աղբյուրները փոխանցում են, որ Սուրեն Խուդոյանի եղբոր որդու անունը նույնպես Ալբերտ է: Ըստ տեղեկությունների, դեպքի օրը, ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո, կենտրոնականի բաժին է այցելել Ալբերտ Խուդոյանի պապիկը՝ ավագ Ալբերտ Խուդոյանը և ի տես բոլորի ապտակել է իր կարգազանց թոռնիկին: Տեղեկությունների համաձայն ոստիկանության բաժնում է եղել նաև ինքը՝ Սուրեն Խուդոյանը, ով այս դեպքում հորեղբայրն է:

Սուրեն Խուդոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ալբերտ անունով երկու ազգական ունի` մեկը հայրն է` 75 տարեկան, մյուսը` իրավաբան որդին` 24 տարեկան, իսկ նրանցից ոչ մեկն այդ ժամանակահատվածում Կասկադում չի եղել: Սուրեն Խուդոյանն ասաց, որ իր հայրն ու որդին այդ ժամանակ իրենց տանը քնած են եղել:

«Իմ դժբախտությունն իմ ազգանվան մեջ է, եթե Հարությունյան լիներ, այդքան հարցեր չէին տա»,- ասաց նա` հավելելով, որ միջադեպի մասնակիցներից ոչ մեկին չի ճանաչում, իսկ իր որդին իրավաբան է, «շատ լուրջ, շատ լավ երեխա է», երբեք որեւէ պատմության մեջ չի ընկել եւ այդ պատմությունը իր որդու հետ որեւէ կապ չունի: «Եթե իմ տղայի վերաբերյալ որեւէ մեկը ավելի հավաստի տեղեկություն ունի, հալալ ա իրեն, ի՞նչ ասեմ»,- նշեց Սուրեն Խուդոյանը` հավելելով, որ շուտով ամուսնացնելու է իր որդուն: Իսկ թե որտեղ է եղել այդ ժամին Սամվել Խուդոյանը, այցելել է  ոստիկանության կենտրոնականի բաժին, թե ոչ, ապա նա նշեց. «Ի՞նչ է անում գիշերը առողջ հայ տղամարդը, ես աշխատում եմ  այդ ժամին տանը քնած լինել, եթե դեպք  չեմ ունենում, ուրեմն` տանը քնած եմ լինում: Այդ ժամանակ տանը քնած եմ եղել»,- ասաց նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե հունիսի 29-ին, ժամը 04.30-ի սահմաններում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Թամանյան փողոցում նկատել են, որ «Նիսսան Պայտֆայնդեր» ավտոմեքենայի ուղեւորներից մեկը մեքենայի առջեւի պատուհանից եւ տանիքի արեւահարթակից ատրճանակից կրակոցներ է արձակում: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Թամանյան եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկից բաժին են ներկայացվել 1993 թ. ծնված Ալբերտ Խ.-ն` նշված ավտոմեքենայով, եւ ուղեւորներ՝ 1992 թ. ծնված Էրիկ Գ.-ն, 1993 թ. ծնված Էդգար Ս.-ն եւ 1996 թ. ծնված Մերի Ղ.-ն:

Դեպքի վայրից հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճ, իսկ ավտոմեքենայի տանիքից, շարժիչի կափարիչի արանքից ու առջեւի աջ մասի ոտնատակից հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի կրակված 3 պարկուճներ:

Վարորդի նստելատեղի տակից հայտնաբերվել եւ առգրավվել է անհայտ տիպի ատրճանակ` P38 9364 գրառմամբ: Ատրճանակի մեջ առկա էր դատարկ պահունակ, իսկ վարորդի դռան գրպանիկից հայտնաբերվել է 26 սմ ընդհանուր երկարության գաղտնի փականով ծալովի դանակ:

Նշանակվել են դատաձգաբանական եւ դատատեխնիկական փորձաքննություններ:

Կատարվում է նախաքննություն: