«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը հերքում է, որ հուլիսի 18-ին կայացած մարզխորհրդի նիստում խիստ է խոսել Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի հետ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Աղասի Հակոբջանյանն ասաց, որ ինքը ընդամենը շատ կարճ շնորհավորել է մարզպետին եւ բարձրացրել է այն բոլոր հարցերը, որոնք ծառացած են Սիսիանի առջեւ: «Սիսիանում ասֆալտապատված փողոցներ ունենալու հարցն եմ բարձրացրել, ասել եմ, որ Սիսիանում ունենք վթարային շենք, որը քանդել հնարավոր չէ: Նաեւ ասել եմ, որ վերջերս ջրհեղեղ է եղել Սիսիանում եւ խնդրել եմ օգնել վերացնել հետեւանքները»,- փոխանցեց ԲՀԿ-ական քաղաքապետը` նկատելով, որ մարզպետը այդ ամենը շատ նորմալ է ընդունել եւ դրական արձագանքել:
Աղասի Հակոբջանյանն ասաց, որ պատրաստվում է նորմալ աշխատել ՀՀԿ-ական մարզպետի հետ, իր կուսակցական պատկանելիությունը որեւէ խոչընդոտ չի կարող հանդիսանալ, իրենք քաղաքականությամբ չեն զբաղվելու, միայն տնտեսությամբ են զբաղվելու, նորմալ կաշխատեն: «Ինչի՞ պիտի չկարողանա մարզը ղեկավարել, կրթությունը չի՞ բավարարում, ես կարծում եմ` շատ լավ էլ կաշխատի»,- նկատեց քաղաքապետը:
Նա խուսափեց ասել, թե Սուրեն Խաչատրյանից եւ Վահե Հակոբյանից ում կնախընտրեր տեսնել մարզպետի պաշտոնում. «Զուգահեռներ մի անցկացրեք, կապրենք, կտեսնենք»,-ասաց Աղասի Հակոբջանյանը:
Նշենք, որ «Չորրորդ իշխանության» տեղեկություններով, հուլիսի 18-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի ղեկավարությամբ մարզխորհրդի առաջին նիստը։ Օրակարգային հարցերի քննարկումից հետո Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը նորանշանակ մարզպետին հիշեցրել է, որ նա բավական շատ պարտականություններ ունի մարզում կատարելու՝ մասնավորապես խմելու եւ ոռոգման ջրի հետ կապված։
Թերթի աղբյուրների փոխանցմամբ, դեռ մարզպետի լիազորություններին ամբողջությամբ չծանոթացած նախկին պատգամավորը ոչ մի բառով չի հակադարձել իր պարտականությունները մատնացույց անող Սիսիանի քաղաքապետին, այլ ընդամենը սուսուփուս հեռացել է:





























