TRIPP- ի շրջանակում մաքսային գործառույթներն ամբողջությամբ պետական սուվերենության տիրույթում են։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ անդրադառնալով մաքսային գործընթացներում օպերատորի ներգրավմանը։

«Եթե բեռների մաքսային ձևակերպման ընթացքում ռիսկեր հայտնաբերվեն և զննման անհրաժեշտություն առաջանա, համապատասխան որոշումը կկայացնի բացառապես մաքսային ծառայության աշխատակիցը։ Մաքսային աշխատողն է այդ որոշում կայացնողը, և չի կարող ֆրոնտ օֆիսը այդպիսի որոշում կայացնել։ ՀՀ–ն պահպանում է իր բոլոր մաքսային գործառույթները։ Այսինքն՝ նշանակում է՝ ռիսկերը մենք ենք վերլուծելու, զննումները մենք ենք անելու»,– հայտարարեց նա։

Միևնույն ժամանակ ՊԵԿ նախագահը հավելեց, որ օպերատորի՝ ֆրոնտ օֆիսի գործառույթների հստակ շրջանակը դեռ քննարկման փուլում է և կամրագրվի համապատասխան պայմանագրով ու փաստաթղթով։

Հարցին` ինչո՞ւ է նախատեսվում միջազգային օպերատորի մասնակցությունը, եթե մաքսային ծառայությունն անցնում է թվայնացման, Հակոբյանը պատասխանեց, որ միջազգային օպերատորի ներգրավումը նաև վստահության հարց կլուծի։

«Դրա անհրաժեշտությունը ոչ ծանրակշիռ, բայց ինչ-որ չափով կա»,– ավելացրեց նա։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նմանատիպ վստահության մեխանիզմ նախատեսվում է նաև Ադրբեջանի տարածքով Հայաստանի քաղաքացիների անցուդարձի համար, Հակոբյանը պատասխանեց, որ ադրբեջանական կողմի մաքսային աշխատանքի կազմակերպման մոդելից տեղյակ չէ։

ՊԵԿ նախագահը հավելեց, որ Հայաստանում մաքսային ծառայության թվայնացումը շարունակվում է՝ անկախ TRIPP-ի գործարկումից։ Մշակվում է նոր թվային հարթակ, որը պետք է ինտեգրվի e-Gate համակարգին՝ նվազագույնի հասցնելով քաղաքացիների և մաքսային ծառայողների անմիջական շփումը։