«Քաղաքական հանելուկ, Ազգային ժողովի երկու ընդդիմադիր խմբակցություններ հայտարարում են, որ դեմ են ՀՀ գլխավոր դատախազի՝ Սերժ Սարգսյանի առաջադրած թեկնածու Գեւորգ Կոստանյանին, բայց փակ-գաղտնի քվեարկության արդյունքներով Կոստանյանը ստանում է ընդամենը երեք դեմ»: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային Ժողովում փակ, գաղտնի քվեարկության արդյունքում զինդատախազ Գեւորգ Կոստանյանը նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնում:

Կոստանյանի թեկնածության օգտին քվեարկել են 103 պատգամավորներ, դեմ՝ 3-ը, անվավեր են ճանաչվել երեք քվեաթերթիկներ, քվեարկությանը չի մասնակցել 25 պատգամավոր:

Ուշագրավ է, որ մինչ քվեարկությունը «Ժառանգությունն» ու Հայ ազգային կոնգրեսը հայտարարել էին, թե դեմ են քվեարկելու, ՀՅԴ-ն ազատ էր թողել իր պատգամավորներին, ՀՀԿ-ն եւ «Օրինաց երկիրը» նշել էին, որ կողմ են քվեարկելու, եւ միայն «Բարգավաճ Հայաստանը» չէր հայտնել իր դրքորոշումը: