26-27 շաբաթական հղիությամբ 43-ամյա Հրածին Մալխասյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի դատաքննությունն ավարտվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանից:

Հրածին Մալխասյանի ամուսին` Շիրակ Ասատրյանը ցուցմունք է տվել այն մասին, որ 2012թ. հուլիսի վերջերին կինը հայտնել է, որ կասկածում է, որ հնարավոր է` հղի լինի։ Դրանից առաջ հղիության կապակցությամբ Հրածինը որեւէ բուժհաստատություն չի դիմել եւ որպես հղի հաշվառման մեջ չի գտնվել։ Իրար հետ պայմանավորվել են որեւէ մեկին չհայտնել, որոշել են գնալ հետազոտվել եւ հղիությունը հաստատվելու դեպքում կատարել հղիության արհեստական ընդհատում։

Երկու օր անց այցելել են Սպիտակ եւ Վանաձոր քաղաքների համապատասխան բուժհաստատություններ, որտեղ հաստատվել է Հրածին Մալխասյանի հղի լինելու հանգամանքը, սակայն երկու բուժհաստատություններում էլ հրաժարվել են հղիության արհեստական ընդհատում կատարել։

Հաջորդ օրը պատահական հանդիպել են իրենց ծանոթներից մեկին։ Վերջինիս հայտնել են, որ Հրածինը հղի է եւ ցանկանում է արհեստական ընդհատել այն։ Վերջինս հայտնել է, որ լսել է, որ Երեւան քաղաքի Էրեբունու տարածքում գտնվող «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում Վարուժ անունով գինեկոլոգ է աշխատում, որքանով տեղյակ է` լավ մասնագետ է եւ իրենց խորհուրդ է տվել դիմել նրան։ Հուլիսի 27-ին կնոջ հետ գնացել են նշված բժշկական կենտրոն, հանդիպել բժիշկ, 49-ամյա Վարուժան Մարդանյանին։ Վերջինս իրեն հայտնել է, որ ինքը կարող է Հրածնի հղիությունն ընդհատել, իրեն ասել է, որ կինը պետք է գիշերը մնա հիվանդանոցում, իսկ առավոտյան կարող է գալ եւ կնոջը տանել տուն։ Նրա հետ խոսելուց հետո ամուսինը ժամը 16։00-ի սահմաններում վերադարձել է Սպիտակ։ Նա տեղյակ չէ, թե իր հեռանալուց հետո ի՞նչ կարգով են կնոջը բժշկական օգնություն ցուցաբերել։

Առավոտյան ժամը 06։00-ի սահմաններում զանգահարել է բժիշկ Վարուժանին, վերջինս հայտնել է, որ Հրածնի վիճակը լավ չէ, նրա մոտ առկա է արյունահոսություն ու այն չի կարողանում դադարեցնել, իրեն հարցրել է, թե համաձա՞յն է, արդյոք, որ կնոջ արգանդը հեռացնեն, ինքն էլ համաձայնություն է տվել։ Շտապ գնացել է «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոն, տեղեկացել, որ կնոջ առողջական վիճակը լավ չէ։ Որոշ ժամանակ անց Հրածնին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են, իսկ քիչ անց կինը մահացել է։

Քննելով գործը դատարանը վճռել է  ամբաստանյալ Վարուժան Լադիկի Մարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ եւ նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառել` դատապարտելով ազատազրկման 2  տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Ամբաստանյալ Վարուժան Լադիկի Մարդանյանին նաեւ զրկել են բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից 3 տարի ժամկետով։ Փոխել  է նաեւ ամբաստանյալ Վարուժան Մարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը եւ  որպես խափանման միջոց կիրառել  է կալանավորումը: Ամբաստանյալին կալանավորել են դատական նիստերի դահլիճից։  Պատժի կրման սկիզբը հաշվել  է 2013 թվականի հոկտեմբերի 07-ից։ Դատավարության մասնակիցների կողմից դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: