Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը չի ցանկանում մեկնաբանել իր պաշտոնանկության մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարեն Շահբազյանը նշեց, որ այդ հարցով պետք է դիմել Գլխավոր դատախազության լրատվական ծառայությանը:
Հարցին, թե դուք աշխատանքից ազատվելու դիմում եք ներկայացրել, ինչպես գրել էին լրատվամիջոցներում, նա այսպես արձագանքեց. «Ես այդ մասին կարդացել եմ լրատվամիջոցներում եւ պարզաբանում չեմ տալիս, առաջարկում եմ դիմել լրատվության բաժին»:
Դիտարկմանը, թե եթե աշխատանքից ազատվելու դիմում չեք գրել, ինչն է խանգարում հայտարարել այդ մասին, դատախազը նեղսրտեց՝ ասելով, թե «դու արդեն բերանիցս խոսք ես քաշում»:
Իսկ Գլխավոր դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման հրաման չկա, լինելու դեպքում տեղյակ կպահեն:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի




























