Գնչուների ընտանիքում հայտնաբերվել է շիկահեր աղջիկ, ով բոլորովին նման չէ «ծնողներին», այժմ հունական ոստիկանությունը փորձում է պարզել երեխայի անձը: Այն բանից հետո, երբ ԴՆԹ թեստը ցույց է տվել, որ չորսամյա Մարիան բարեկամական կապ չունի ամուսնական զույգի հետ, որոնց մոտ ինքն ապրում էր, նրան գնչուների մոտից տարել են: Այս պահին աղջիկը բարեգործական կազմակերպության խնամքի ներքո է: Ոստիկանությունը նրա նկարը հրապարակել է լրատվամիջոցներում:

Ոստիկանները կարծում են, որ Մարիային կարող էին առեւանգել կամ գնել: Դատելով արտաքինից՝ աղջիկը ծագմամբ Արեւելյան Եվրոպայից է կամ Սկանդինավիայից: Երեխային հայտնաբերել են Հունաստանի կենտրոնում գնչուական ճամբարի ստուգման ժամանակ, Ֆարսալա քաղաքի մոտակայքում, հաղորդում է NEWSru.com-ն:

Աղջկան «ապաստան տված» զույգի փաստաթղթերի ստուգման ժամանակ պարզվել է, որ ընտանիքը ավելի քան 10 երեխաների վերաբերյալ փաստաթղթեր ունի, որոնք գրանցված էին երկրի տարբեր շրանների հաստատություններում ու տարբեր համարների ներքո: Այդ փաստաթղթերից երեւում էր, որ կինը 10 ամսում 6 երեխա է ունեցել: Գնչու զույգին ձերբակալել են երեխայի առեւանգման մեղադրանքով: