Գերմանիայի Ֆրայբուրգի սրճարաններից մեկում 12 մարդ պատանդ է ընկել: Ըստ նախնական տեղեկության` պատանդ վերցնողը 36-ամյա քուրդ է, որը զինված է եւ մոտն ունի նաեւ պայթուցիկ: Ոստիկանությունը պարզել է, որ նախկինում չարագործն արդեն դատված է եղել, նա շատ ջղագրգիռ վիճակում է եւ սպառնում է պայթեցնել ռումբը:

Մարդկանց պատանդ վերցնելը կատարվել է տեղի ժամանակով երեկոյան  ժամը 9-ին: Ներկայումս սրճարանի հարակից տարածքը շրջափակված է ոստիկաններով: Ոստիկանությունն ամբողջ գիշեր հեռախոսով բանակցել է հանցագործի հետ, հայտնում է  «Ռոսիյսկայա գազետան»:

Վերջինս ոչ մի պահանջ չի ներկայացրել: Հոկտեմբերի 24-ին նա պետք է դատարանում լիներ, սակայն չէր ներկայացել: Չի բացառվում, որ  մարդկանց պատանդ վերցնելն ինչ-որ կերպ կապված է իր դեմ ընթացող դատավարության հետ:

Ոստիկաններին հայտնի է, որ պատանդների շարքում երեխաներ կան: Սակայն չի բացառվում, որ սրճարանում բոլոր մարդիկ քրդի բարեկամները լինեն: «Չի կարելի բացառել, որ նրանք այնտեղ են սեփական կամքով», - ասել են գերմանացի ոստիկանները: