Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման մասին համաձայնագրի ստորագրումը, որը պետք է տեղի ունենա «Արեւելյան գործընկերության» նոյեմբերի գագաթաժողովում, կարող է հետաձգվել 2014 թվականին:

Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին: Ըստ նրա՝ դա տեղի կունենա, եթե Կիեւը չկատարի Բրյուսելի բոլոր պահանջները, որոնցից գլխավորը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին բանտից ազատելն է:

Լեհական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ համաձայնագիրը ժամանակին ստորագրելու համար Ուկրաինայի իշխանությունները պետք է «չխորամանկեն, այլ անեն այն, ինչն անհրաժեշտ է, Կոքս-Կվասնեւսկու առաքելության հետ սերտ համագործակցությամբ»: Բրյուսելի կողմից Կիեւին ներկայացվող առանցքային պահանջը քաղաքական դրդապատճառներով արդարադատության պրակտիկայից հրաժարվելն է: Առաջին հերթին խոսքը տիկին Տիմոշենկոյին ազատելու մասին է, փոխանցում է  «Կոմերսանտը»:

ՈՒՆԻԱՆ-ն էլ հաղորդում է, որ Սիկորսկին Վիլնյուսում Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման մասին համաձայնագրի չստորագրման արդյունքում ստեղծվելիք վիճակն ամոթալի է համարում «նրանց համար, ովքեր դա խոստացել են»:

Ավելի վաղ, ըստ հրատարակչության, Եվրամիության մի շարք ներկայացուցիչներ հայտարարել էին, որ  Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման մասին համաձայնագիրը նոյեմբերին չստորագրելու դեպքում այն կարող է ստորագրվել միայն 2015թ. նախագահական ընտրություններից հետո: