Եղվարդ-Երեւան ճանապարհին հոկտեմբերի 20-ին վթարի ենթարկված եւ կասկածալի կարգավիճակում գտնվող հայտնի դերասան Վարդան Պետրոսյանն այսօր՝նոյեմբերի 7-ին, քննիչի հետ հանդիպմանը որոշ դիտարկումներ էր ցանկանում անել, սակայն քննիչը դուրս է եկել հիվանդասենյակից՝ հրաժարվելով շարունակել հարցաքննությունը:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փաստաբանների դպրոցի նախագահ, դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
«Եկել էր հարցաքննության, Վարդանը ուզում էր մի քանի նախադասություն ասեր, բայց նույնիսկ չհասցրեց խոսել, ինքը թողեց, գնաց»,- նշեց փաստաբանը:
Նիկոլայ Բաղդասարյանի փոխանցմամբ՝ Վարդան Պետրոսյանը խնդրել էր, որ իրեն տրամադրվեն օրենքով նախատեսված փաստաթղթերը, որոնք իրեն հասանելի են, գրավոր միջնորդություն էր ներկայացրել, իսկ քննիչը չգիտես ինչու դադարեցրել է հարցաքննությունը,չի տվել նույնիսկ արձանագրությունը ստորագրելու համար, հարցաքննությունը թողել է կիսատ, ասել «ես ինտերվյու վեկալող չեմ» եւ հեռացել:
Միեւնույն ժամանակ, փաստաբանի փոխանցմամբ, դերասանը ասել է, որ առողջական վիճակից ելնելով՝ ինքը չի կարող մասնակցել երկարատեւ քննչական գործողության: Այժմ իրենք բողոք են գրել դատախազին՝ քննիչի վերաբերյալ, որպեսզի նա վերադառնա եւ ցուցմունք վերցնի, Նիկոլայ Բաղդասարյանը որոշել է այն անձամբ տանել եւ հանձնել դատախազին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել են BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի եւ «ՎԱԶ 2121» մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց մեջ էր նաեւ հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, լյարդի եւ փայծաղի պատռվածք, փայծաղը հեռացրել են, իսկ լյարդի պատռվածքը կարել են, դերասանն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից: «Վազ 2121» մակնիշի մեքենայի ուղեւորներից հորեղբոր որդիներ Էդգար եւ Էդուարդ Հակոբյանները մահացել էին: Այժմ հիվանդանոցում գտնվում է բազմաթիվ կոտրվածքներ ստացած Տաթեւ Հակոբյանը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էին, որ առկա է Վարդան Պետրոսյանին ձերբակալելու որոշում: Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել էր, նրա մոտ առկա էր շնչառության թուլացում եւ ճնշման տատանումներ: Սկզբից դերասանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, ապա՝ «Սթրես» կենտրոն: Դերասանն արդեն ձերբակալվածի կարգավիճակում է, նրա հիվանդասենյակը հսկում են ոստիկանները:





























