Հայտնի են դարձել Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 20 ձերբակալվածներից այսօր՝ նոյեմբերի 8-ին կալանավորված 6 անձանց ինքնությունը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով:
Մեղադրանք առաջադրվածների եւ կալանավորվածների շարքում են «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), Հայկ Հարությունյանը (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), դավիթ Մկրտչյանը (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 2-րդ մաս), Տիգրան Պետրոսյանը (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս), Ալեք Պողոսյանը (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս), Սեւակ Մնացականյանը (ՀՀ քր. օր.-ի 316 հոդվ. 1-ին մաս):
Ձերբակալվածներից մնացած 6-ը ազատ են արձակվել` Աշոտ Տերտերյան, Մանուկ Հովիկյան, Արման Մխիթարյան, Մխիթար Մխիթարյան, Հովհաննես Ղազարյան եւ Վահե Մկրտչյան:
Նշենք, որ ավելի վաղ ձերբակալվածներից 8-ին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելը): Կալանավորվել էին Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանը, Միսակ Առաքելյանը, Ալբերտ Մարգարյանը, Անուշավան Գրիգորյանը եւ Մկրտիչ Հովհաննիսյանը:
ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, որն արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց էր անում եւ հայտարարել էր հեղափոխություն սկսելու մասին, նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Մարմնական վնասվածքներ էր ստացել NEWS.am-ի թղթակիցը:




























