Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում ձերբակալված Վահե Մկրտչյանը չի ազատվել, չնայած ոստիկանությունը հայտնել է, որ Վահեն եւ եւս հինգ ձերբակալվածներ այսօր ազատ են արձակվել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Վահեի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանը։
«Մենք կարդացինք, որ Վահեի անունը կա ազատվածների ցուցակում։ Գնացինք Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների ժամանակավոր պահման վայր։ Տեսանք, թե ինչպես դուրս եկան մյուսները, իսկ Վահեն չկար»,- պատմեց Մարգարիտան։
Նրա խոսքով՝ ինքը մինչեւ ժամը 22։00-ը եղել է շենքի մոտ, բայց Վահեն այդպես էլ դուրս չի եկել։ Ընտանիքը նրա մասին որեւէ տեղեկություն չունի։
Ոստիկանության հետ կապվել չհաջողվեց։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 8-ին ազատ են արձակվել վեց ձերբակալվածներ՝ Աշոտ Տերտերյանը, Մանուկ Հովիկյանը, Արման Մխիթարյանը, Մխիթար Մխիթարյանը, Հովհաննես Ղազարյանը եւ Վահե Մկրտչյանը:




























