Լվովում ընդդիմության կողմից կազմակերպված գործադուլի մասնակից  տեղի բնակիչները գրավել են մարզպետարանի շենքը:

Գործադուլի շուրջ երկու հազար մասնակից ներխուժել է Լվովի մարզպետարան՝ «Իշխանությունը ժողովրդին» եւ «Հեղափոխություն» բացականչություններով: Պահակները եւ ոստիկանությունը չեն կարողացել զսպել գազազած ամբոխին: 

Լվովի մարզպետ Օլեգ Սալոյին դիմավորել են մարզպետարանի շենքի առաջ եւ չեն թողել ներս՝ պահանջելով հրաժարականի դիմում ստորագրել: Միայն դրանից հետո են մարդիկ մարզպետին շենքից դուրս թողել:

Ըստ գրոհի մասնակից Ռոստիսլավ Պելախի՝ մարզն այժմ ղեկավարելու է Լվովի մարզային խորհուրդը:

Խռովարարները սպառնում են շրջափակման մեջ պահել մարզպետարանի շենքը, քանի դեռ Սալոյի պաշտոնանկությունը չի հաստատվել Կիեւից: Մարզպետին կարող է պաշտոնանկ անել միայն նախագահը, հայտնում է vesti.ua-ը:

Ցուցարարները նաեւ շրջապատել են Լվովի մարզային ոստիկանապետ Ալեքսանդր Ռուդյակին՝ կրկին պահանջելով հրաժարական ստորագրել: 

Ավելի ուշ Սալոն պատմել է, որ մարդիկ իրեն հրաժարականի դիմում չստորագրելու դեպքում ֆիզիկական հաշվեհարդարով են սպառնացել: