News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Գյումրիի շտապօգնության կայանի բժշկին ծեծելով մահվան հասցրած դատապարտյալ 30-ամյա Արտակ Կարապետյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը:

Նա նշեց, որ իր պաշտպանյալին տեղափոխել են առանձին խուց, գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Արտակ Կարապետյանը հացադուլ եւ ջրադուլ է հայտարարել այն բանից հետո, երբ Շիրակի մարզի դատախազի մերժել էր իրենց դիմումը՝ գործը վերանայելու մասին:

Փաստաբանը տեղեկացրեց, որ Շիրակի մարզի դատախազությունից ներկայացուցիչներ էին այցելել Արտակ Կարապետյանին, ասել էին, որ իսկապես իրեն առաջադրված հոդվածը սխալ է, կանեն ամեն ինչ, որ այն փոխեն, սակայն հետո զարմանալիորեն իրենց դիմումին բացասական պատասխան էին տվել:

Այժմ նրանք պատրաստվում են գործի վերանայման խնդրով նորից դիմել թե մարզի դատախազին, թե գլխավոր դատախազին, իսկ Արտակ Կարապետյանի մայրն էլ դիմել է Հայաստանի նախագահին: Թամարա Յայլոյանն ասաց, որ Արտակ Կարապետյանը մտադիր է այնքան ժամանակ մնալ հացադուլի եւ ջրադուլի մեջ, մինչեւ իր գործը վերանայեն:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հունիսի 26-ին Գյումրիի ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ քաղաքի Կոմիտերնի փողոցի, երկրորդ նրանքի թիվ 13 տանը մահացել էր տանտեր Արամայիս Կարապետյանին բուժօգնություն ցույց տված վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը: Տանտիրոջ կամ հիվանդի որդին` 28-ամյա Արտակ Կարապետյանը ծեծելով սպանել էր վաստակաշատ բժիշկին:

Դատարանը երիտասարդին դատապարտել է երկու հոդվածներով` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, այն է ` դիտավորյալ սպանություն կատարելը, որը նախատեսում է մինչեւ ցմահ ազատազրկում, եւ 258 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` խուլիգանություն կատարելը` վերջնական պատիժ նշանակելով 15 տարի ազատազրկումը:

Տպել
Ամենաշատ