Վանաձորում հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով կալանավորված՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու համար Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյան, Կարեն Սարիբեկյանն ու Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը դատարանին բժշկի պատշաճ վարքագծի մասին համապատասխան երաշխավորագրեր են ուղարկել: Այս մասին NEWS.am-ին ասաց Ղուկասյանի փաստաբան Մհեր Դավթյանը:

«Սեպտեմբերի 1-ին դիմել ենք դատարան, որ փոխեն Վլադիմիր Ղուկասյանի խափանման միջոց, ինչպես նաեւ գրավի դիմաց ազատ արձակեն: Որպես գրավ՝ մենք առաջարկում ենք 60 մլն արժողությամբ առանձնատուն Վանաձորում: Բացի դրանից՝ իմ պաշտպանյալի համար երաշխավորել են պատգամավորներ, մարզպետը, իսկ ավելի քան 600 աշխատակից իր դժգոհությունն է հայտնել»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ դատարանը չպատճառաբանված որոշում է կայացրել կալանք ընտրելու վերաբերյալ:

Նշենք, որ բժիշկը կալանավորվել է Վանաձորում հոկտեմբերի 12-ին դանակահարության պատճառով մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանի գործով: Ըստ նախնական մեղադրանքի՝ Վլադիմիր Ղուկասյանը թերացել է իր աշխատանքում, որն էլ առաջացրել 15-ամյա տղայի մահը:

Հիշեցնենք, որ ըստ ոստիկանության՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 19.35-ին, «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւանի բնակիչ, 15-ամյա Դավիթ Հովակիմյանը՝ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ: Նույն օրը ժամը 22.00-ի սահմաններում Դ. Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է: Հոկտեմբերի 13-ին, ժամը 01.50-ին սպանությունը կատարելու կասկածանքով իր բնակարանից բերման է ենթարկվել 1991թ. ծնված, նախկինում դատապարտված Կարեն Կ.-ն՝ «Քուրդ» մականունով: Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին ժամը 19.20-ի սահմաններում Վանաձորի Կ. Դեմիրճյան փողոցի հարեւանությամբ գտնվող այգում, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է Դ. Հովակիմյանին եւ պատճառել մահ: Կարեն Կ.-ն ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է: Նշենք, որ Դավիթը Վանաձոր էր մեկնել՝ հանդբոլի Հայաստանի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու համար: