Խորհրդարանական մեծամասնությունը, ի դեմս իշխող Հանրապետական խմբակցության պատգամավորների, ձախողել է խորհրդարանական քառյակի կողմից նախաձեռնած Ազգային Ժողովի արտահերթ նիստը: Խորհրդարանի ոչ իշխանական քառյակը Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու համար 49 ստորագրություն էր հավաքել, սակայն գրանցվել է 37 պատգամավոր՝ քվորում չի ապահովվել:
Արտահերթ նիստին ծրագրվում էր քննարկել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից մշակվող «Շրջանառության հարկի մասին» նոր օրինագիծը:
Նշենք, որ «Շրջանառության հարկի մասին» նոր օրինագծի համաձայն, առեւտրականները պետք է ընտրության հնարավորություն ունենան. կամ աշխատել հին օրենքով եւ վճարել 3.5% հարկ, իսկ հարկային մարմնին շրջանառության մասին տեղեկատվություն չտրամադրել, կամ աշխատել նոր օրենքով, վճարել 1%, սակայն հարկային մարմնին ներկայացնել շրջանառության մասին տվյալներ:
Հիշեցնենք, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի առեւտրականներն իրենց ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին, հակառակ դեպքում ձեռնարկությունը կտուգանվի:




























