Ճապոնիայում «Ֆանֆոն» (թարգմանաբար նշանակում է «Գազան») թայֆունի պատճառով առաջացած ջրհեղեղների եւ սողանքների սպառնալիքի հետեւանքով զանգվածային տարհանում է հայտարարվել, փոխանցում է ՆՏՎ հեռուստաալիքը:

Տները լքելու եւ երկրի առավել անվտանգ վայրեր տեղափոխվելու նախազգուշացում է ստացել շուրջ 2 մլն մարդ: Ընդ որում՝ նրանցից 50 հազարը հարկադրաբար են տեղափոխվելու: 

Հոնսյու կղզու խաղաղօվկիանոսյան ափին ջրածածկ են Սիձոուկա եւ Կամակուրա պրեֆեկտուրաների մի քանի թաղամասեր: Ըստ վերջին տվյալների`տարերային աղետի հարվածից մահացել է առնվազն մեկ մարդ, որը փորձել էր լուսանկարել  թայֆունը:

Հոկտեմբերի 6-ին թայֆունի պատճառով հետաձգվել է շուրջ 630 ավիաչվերթ, սակայն «Աերոֆլոտին» սահմանափակումները չեն վերաբերում:  Տոկիոյում  թայֆունի պատճառով  դադարեցվել է շոգենավերի երթեւեկությունը, սահմանափակվել է մի քանի մայրուղիների երթեւեկությունը, երկաթուղիների աշխատանքը աստիճանաբար վերականգնվում է: 

Այժմ  «Ֆանֆոնը» շարժվում է Ճապոնիայի հյուսիս-արեւելք` աստիճանաբար թուլանալով: