Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով մահացու հրազենային վիրավորում ստացած 20-ամյա Սուրեն Խաչիկի Փիլոսյանը զորակոչվել է 2013թ գարնանը, ընդամենը մի քանի ամսից նա ավարտելու էր ծառայությունը: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները: Մեր տեղեկություններով՝ Սուրեն Փիլոսյանը Սպիտակի Սարահարթ գյուղից է: Սարահարթի գյուղապետ Վասիլ Փիլոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Սուրենը շատ բարեխիղճ ծառայող է եղել, շնորհքով, անշառ, խելացի երեխա, դպրոցն ավարտելուց հետո անմիջապես մեկնել է ծառայության: Նա տեղեկացրեց, որ Սուրենը դպրոցահասակ քույր ունի, ընտանիքը ապրում է վատ սոցիալական պայմաններում, որեւէ տեղ չեն աշխատում, ընդամենը մի կով ունեն: Գյուղապետը ամբողջ գիշերը անց էր կացրել զինկոմիսարիատում, ամբողջ գյուղով սգում են իրենց համագյուղացի զինվորի մահը: Ի դեպ, նրանց զինկոմիսարիատից հայտնել են, որ Սուրենը մահացել է տեղում՝ գլխի շրջանում ստացած վնասվածքի հետեւանքով ադրբեջանական դիվերսիայի արդյունքում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 19-ին եւ լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
Նույն ժամանակահատվածում շփման գծի տարբեր հատվածներում ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվել են 8 հետախուզադիվերսիոն գործողությունների փորձեր, որոնք ժամանակին հավաստանշվել եւ կորուստներ կրելով հետ են շպրտվել:
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:
Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




























