Ռուսաստանի Մինվոդի քաղաքի կարաոկե բարում զանգվածային կռվի ընթացքում հատուկ նշանակության ջոկատի աշխատակից է սպանվել, իսկ սպանության կասկածյալն է 23-ամյա Միխայիլ Գրիգորյանը: Կռվի երկու մասնակիցներ, այդ թվում՝  սպանության հիմնական կասկածյալը, հետախուզվում են, եւս վեց մարդ ձերբակալվել է:

«Կավկազսկի ուզելը» հայտնում է, որ հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը Մինվոդիի սրճարաններից մեկում զանգվածային կռվի ընթացքում սպանվել է ներքին զորքերի աշխատակից, որին դանակահարել են: ՆԳՆ-ի տվյալով՝ կռվի պատճառը զինծառայողների խմբի եւ տեղի բնակիչների միջեւ կենցաղային վեճն է եղել:

Հատուկ նշանակության ջոկատի աշխատակից Դմիտրի Սիդորենկոյին դանակահարելու մեջ կասկածվում է Միխայիլ Գրիգորյանը: Նրան եւ Թովմասյան ազգանունով մեկ այլ երիտասարդի հաջողվել է փախչել: Ոստիկանությունը ձերբակալել է կռվի երկու տեղացի մասնակիցների եւ չորս հատուկջոկատայինի, գրում է «Բլոկնոտ Ստավրոպոլը»՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:

Նաեւ նշվում է, որ Գրիգորյանը նախկինում դատվել էր գնչուների թափառախմբի վրա հարձակման համար: Այժմ բոլոր հանգամանքները ճշտվում են: