Սեպտեմբերի 10-ին Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցականների զանգվածային թունավորման պատճառն, ըստ ամենայնի, դպրոցի սանիտարահիգիենիկ վիճակն է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Սննդի անվտանգության պետական ծառայությունից՝ ավելացնելով, որ նույն հաց արտադրող ընկերությունը այդ օրը սպասարկել է տասներեք դպրոցի, որոնցից միայն երկուսից վերցված սննդի նմուշներում է աղիքային ցուպիկներ հայտնաբերվել:
«Փորձաքննության արդյունքները գրեթե պատրաստ են: Հաստատվել է, որ շաքարից չէ: Գաթաների մեջ աղիքային ցուպիկներ են հայտնաբերվել, բայց տարօրինակն այն է, որ նույն ցեխից 13 դպրոց է հաց ուղարկել, ինչի՞ հենց էդ երկու դպրոցում՝ Բաղրամյանում եւ Այգեզարդում թունավորվեցին: Լվացուկների պատասխանները դեռեւս չկան, բայց հնարավոր է՝ դպրոցի սանիտարահիգիենիկ վիճակը լինի թունավորման պատճառը»,-ասացին Սննդի անվտանգության պետական ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 10-ին Արարատի մարզում զանգվածային թունավորում էր տեղի ունեցել. Բաղրամյան գյուղի 38 եւ Այգեզարդի 8 դպրոցականներ տեղափոխվել էին Արտաշատի բժշկական կենտրոն: Նախնական տվյալներով՝ երեխաները թունավորվել էին դպրոցի ճաշարաններում մատակարարվող սննդից: Պարզվել էր, որ այդ դպրոցներին սնունդ է մատակարարում միեւնույն ընկերությունը:
Թունավորման դեպքի հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանձնարարել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը՝ մինչեւ չպարզվի թունավորման պատճառը եւ չվերացվեն բոլոր խախտումները:





























