ԼՂՀ-ում սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված Սաֆար Սաֆարյանը վիրահատվել է, վիճակը կայուն է: Այս մասին NEWS.am-ին ասաց Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

«Արման Ստեփանյանը եւ Արկադի Մուրադյանը տեղափոխվել են հիվանդասենյակ, մյուս չորսը դեռ Վերակենդանացման բաժանմունքում են, դրական դինամիկա կա»,- ասաց հոսպիտալի պետը՝ նշելով, որ վիրավորներից մեկն էլ այսօր են տեղափոխել Երեւան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման էր ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով զոհվել էին ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.)  եւ Կարեն Գեւորգի Շահինյանը  (ծնված 1997թ.): Կա 16 վիրավոր:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրերով զոհված զինծառայողները հետմահու պարգեւատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: