Ներկայումս Գերմանիայի խորհրդարանի օրակարգում դրված է փախստականների խնդիրը, ուստի դժվար է ասել, թե երբ տեղի կունենան Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր քննարկումները։ Այս մասին հոկտեմբերի 15-ին՝ Երեւանում Գերմանիայի վերամիավորման 25-ամյակի կապակցությամբ տեղի ունեցած միջոցառման ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը։
Անդրադառնալով Բունդեսթագում Հայոց ցեղասպանության վերաբերյալ կայանալիք լսումներից ունեցած ակնկալիքներին՝ դեսպանը վստահություն հայտնեց, որ բանաձեւը կունենա հստակ ձեւավորված կառուցվածք։ «Արդեն ապրիլի 24-ին Բունդեսթագում շատ թեժ բանավեճ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության բանաձեւի շուրջ։ Անշուշտ բանաձեւում հիմք ընդունվեց դրա նախօրեին Բեռլինի մայր տաճարում նախագահ Յոախիմ Գաուկի շրջադարձային ելույթը, որում նախագահը հստակ ձեւակերպումներ տվեց։ Այս, ինչ ասաց Գաուկը, շրջանցել հնարավոր չէր, ուստի տեղ գտավ Բունդեսթագում։ Բանաձեւը ներկայումս արտաքին գործերի եւ քաղաքական հարցերով հանձնաժողովներում է, եւ ես լիահույս եմ, որ բանաձեւը կունենա հստակ ձեւավորված կառուցվածք։ Այս պահին իհարկե Բունդեսթագում առավել կարեւոր քննարկումներ են ընթանում, որոնք վերաբերում են փախստականների խնդիրներին։ Օրակարգում են դրված հենց այդ հարցերը, ուստի ես չեմ կարող ասել, թե երբ կլինի Հայոց ցեղասպանության քննարկումը։ Ես հույս ունեմ, որ ապագայում մենք կունենանք բանաձեւ, որի ձեւակերպումը շատ ավելի հստակ կլինի»,- նշեց Մաթիաս Քիսլերը։





























