Լոռու մարզում հոկտեմբերի 15-ին արջի հարձակման դեպք է գրանցվել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վանաձոր քաղաքին հարակից սարում արջը հարձակվել է արածող կովերի վրա:  Հարձակումից տուժած կովի տերը մեր թղթակցի հետ զրույցում պատմեց, որ վերջին մի քանի տարիներին արջն առաջին անգամ է այդքան մոտենում քաղաքին:

«Երկու օր է կովը չկար, հետո պարզվեց ուրիշի գոմում է, գնացինք գտանք բավականին վնասված վիճակում, անասնաբույժն էլ է հաստատում, որ սա արջի թաթի հետք է»,-ասաց նա:

Անասնատիրոջ խոսքով, չի բացառվում, որ կովի վրա ոչ թե մեծ արջ, այլ քոթոթ է հարձակվել:

«Եթե մեծ արջ լիներ, դժվար թե կովին ողջ գտնեինք: Եթե կովը հասցրել է փախչել հավանաբար քոթոթ է եղել, մի քանի անգամ թաթով խփել-ճանկռել է»,-ասաց գյուղացին:

Նշենք, որ տարածքը, որտեղ գրանցվել է դեպքը, բնակելի է: Արջի հայտնվելը անհանգստացրել է տարածքի բնակիչներին, նրանք հիշում են, որ տարիներ առաջ, մոտավորապես նույն վայրում արջը հարձակվել էր ազնվամորի հավաքողների վրա: