«Վերնիսաժի» գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Վալերիկ Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը, պնդում է, որ դեպքի վայրից իրենց մեքենան առեւանգել է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), որի փեսան՝ Գոռ Առաքելյանը, նույն գործով դատապարտվել է 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման:
«Յուվեցի Կարոն մեքենայի գողություններով, դրանց առքուվաճառքով է զբաղվում, ինքն է մեր մեքենան գողացել: Մենք դիմում ենք ոստիկանություն, հարցնում ենք` մեր ավտոն ուր ա, ասում են` ման են գալիս: Մեքենան իրանց մոտ է, գողը իրենց մոտ է, իրենք թաքցնում են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լիա Հովհաննիսյանը: Նշենք, որ խոսքն այն մեքենայի մասին է, որի շուրջ «Վերնիսաժի» ավտոկայանատեղիում ծագել էր կրակոցներով ավարտված վիճաբանությունը։ Քրեական գործում այս մեքենան չի հիշատակվում, իրեղեն ապացույցների մեջ չկա։
Լիա Հովհաննիսյանը նշեց, որ դրա վերաբերյալ եւ իր որդու անմեղությունն ապացուցող փաստեր ունեն, որոնք պարզապես չեն ցանկացել հրապարակել դատաքննության փուլում:
«Տեսագրություն ունենք, թե ինչպես են մեքենան գողացել, ով է տարել, քանի հոգով են եղել: Ասեցինք` չներկայացնենք, թող ամեն մարդ գնա իր ճանապարհով, բայց տեսանք, որ էս մարդիկ լավով ոչինչ չեն հասականում»,- ասաց նա` նշելով, որ իրենք այդ ապացույցները կհրապարակեն վճռի բողոքարկման ժամանակ։
Նշենք, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հոկտեմբերի 21-ին Գոռ Առաքելյանին դատապարտել է 6 տարի 6 ամիս, Վալերիկ Հովհաննիսյանին՝ 3, Ներսես Մելքոնյանին՝ 2 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ էին հնչել «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը (ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան) Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել է ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ է բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու, ինչպես նաեւ երկու եւ ավելի անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար, իսկ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Ավելի ուշ կալանավորվել են նաեւ Ներսես Մելքոնյանը եւ Վալերիկ Հովհաննիսյանը՝ խուլիգանության մեղադրանքով:





























