«Քինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վթարված Մոսկվա-Երեւան ավտոբուսը սարքին վիճակում է եղել։ «Անսարքության հետ որեւէ խնդիր չի եղել, մեքենան սարքին է եղել, ամեն ինչ նորմալ է եղել, իմ տեղեկություններով։ Բայց իմ տեղեկությունները քիչ են, սպասենք փորձագիտական եզրակացությանը: Դա կլինի, ըստ դրա էլ բոլորը կիմանան՝ այդ թվում ես, թե ինչն է եղել ողբերգական պատահարի պատճառը»,- նշեց նա։ Վարորդների քնած լինելու վերաբերյալ առայժմ որեւէ վարկած առաջ չքաշեց Հարությունյանը։
Անդրադառնալով ղեկին գտնվող վարորդի՝ Գառնիկ Հարությունյանի ծնողների այն վարկածին, թե պատճառը հնարավոր է մեքենայի ոչ սարքին լինելն է, քանի որ իրենց հասած տեղեկություններով, այն մեկ ամիս առաջ Մոսկվայում վերանորոգման մեջ է եղել, ասաց. «Իրենք ծնող են, տղային պաշտպանելու քայլեր են անում, ես բան չունեմ ասելու»։
Ըստ Արթուր Հարությունյանի, այդ ավտոբուսները Հայաստան է բերել 2014 թվականին:
Նշենք, որ վարորդների ընտանիքների անդամները NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էին, որ ողբերգական ավտովթարի մասին տեղեկացել են հեռուստատեսությամբ. Ընկերությունից ոչ ոք դեպքի մասին չի իրազեկել, ոչ էլ այս պահին այնտեղ կատարավող իրադարձությունների. Թեեւ «Քինգ դե լյուքս» ընկերության գրասենյակը գտնվում է վարորդների գյուղերից՝ Արամուսից եւ Գեղաշեն գյուղերից մի քանի կիլոմետր հեռու, մինչ երեկո ոչ ոք չէր այցելել նրանց ընտանիքներին: «Ես ինֆորմացիա չեմ ստանում, որ փոխանցեմ. Ես ինֆորմացիա ստանում եմ լրատվամիջոցներից, որտեղից եմ ստանում, որ մի հատ էլ փոխանցեմ»,-հակադարձեց Հարությունյանը:
Ինչ վերաբերում է տուժողներին, մահացածների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելուն, Հարությունյանը խուսափեց առայժմ որեւէ բան ասել. «Վերջ, վերջ առայժմ ոչինչ չեմ ուզում ասեմ»։
Մեր զրուցակիցն ասաց, որ, որ հնարավոր է այսօր գիշերը մեկնի Մոսկվա: Առավոտյան NEWS.am-ի թղթակցին իր մերձավորները վստահեցրել էին, թե արդեն մեկնել է: Այնինչ նա անգամ հստակ չի էլ որոշել՝ մեկնի, թե ոչ
Ինչպես հասկացանք Արթուր Հարությունյանի հեռախոսազրույցներից, նրա Մոսկվա մեկնելը կախված էր կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի որոշումից. Վերջինս մեկնելու է ՌԴ։





























