Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարից վիրավորված ուղեւորների բուժման համար Մոսկվայից կամ արտասահմանից բժիշկներ հրավիրելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՌԴ Տուլայի մարզի  կառավարության փոխնախագահ Մարինա Լեւինան։ Վիրավորների բուժումն արդեն կազմակերպվում է, ներգրավվել են Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցի շարժական բրիգադները, նշել է Լեւինան։

«Գործի է դրվել նաեւ հեռուստաբժշկությունը։ Նախօրեին երեք սեանս է կայացել»,- հավելել է նա՝ նշելով, որ երեք բարդ դեպքերում կարիք է եղել դիմել դաշնային պրոֆեսորությանը տուժածների հետագ բուժման կազմակերպման համար։

Ներկայումս նահանգապետ Վլադիմիր Գրուզդեւի ղեկավարած պատվիրակությունն ուղեւորվել է հիվանդանոցներից մեկը։ Պատվիրակության կազմում են  նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ներկայացուցիչները։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին գետաշեն համայնքներից, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:

Ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանը ձերբակալված է: