Տուլայի դատարանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, քիչ առաջ 2-ամսյա կալանքի տակ վերցրեց Մոսկվա-Երեւան ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին: Այս մասին NEWS.am-ի թղթացկին ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ Արտակ Ղազարյանը:

 Նշենք, որ Հարությունյանը դեպքից անմիջապես հետո բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին, ժամը 02:10-ին, Տուլայի մարզի Ուզլովյան շրջանի Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 221 կիլոմետրում Մոսկվայից Երեւան ուղեւորվող  «Higer» ավտոբուսը վթարի է ենթարկվել։ Ավտոբուսում 59 ուղեւոր է եղել, որոնցից 8-ը, վերջին տվյալով, զոհվել է: Նրանցից 3-ը՝ Հրաչ Բադալյանը, Գագիկ Մանուկյանն ու Վարուժան Ստեփանյանը Գեղարքունիքի Գեղամավան, իսկ Արտաշես Հովհաննիսյանը՝ Ներքին գետաշեն համայնքներից, Սպարտակ Նալբանդյանը՝ Տավուշի Գանձաքար գյուղից, իսկ Գառնիկ Հակոբյանը՝ Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից:

Բոլոր տուժածներին տեղափոխել են Ուզլովայա, Կիրեեւսկ եւ Բոգորոդիցկ քաղաքների հիվանդանոցներ։ Ներկայումս ոստիկաններն ուսումնասիրում են տրանսպորտային միջոցի տեխնիկական անսարքության տարբերակը՝ միաժամանակ չի բացառվում այն վարկածը, թե վարորդը քնել է ղեկին:

Լուսանկարը՝ Վահե Ավանեսյանի ֆեյսբուքյան էջից