Տուլայում հայկական ավտոբուսի վթարից տուժած 7 ուղեւորները, որոնք նոյեմբերի 5-ին երեկոյան տեղափոխվել էին Երեւան, այսօր՝ նոյեմբերի 6-ին, դուրս են գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Այս մասին հիվանդանոցից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Հիվանդանոցում շարունակում են մնալ 3 ուղեւոր: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ վիրավորներից մեկը՝ Նարինե Երեմիշյանը, ունի ողնաշարի եւ կրծքավանդակի սալջարդ ցավային ախտանիշով: Կինն այս պահին հետազոտվում է եւ ամենայն հավանականությամբ երկար բուժում կստանա:

«Հիվանդանոցում են մնացել նաեւ երկու տղամարդ, նրանցից մեկին կրկին կվիրահատեն»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Հիշեցնենք, որ առավել ծանր վիրավորները՝ 12 ուղեւոր, մնացել են Տուլայի շրջանային հիվանդանոցում: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ նրանց տեղափոխումը Հայաստան այս պահին ռիսկային է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, նոյեմբերի 3-ի գիշերը Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ է տուժել, ութ մարդ մահացել է:

Վթարի հետ կապված քրեական գործ է հարուցվել «ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտում» հոդվածով։ Համանման քրեական գործ է հարուցված նաեւ Հայաստանում։ Նախնական տվյալների համաձայն, վարորդը ղեկի մոտ քնել է։ Վարորդ Գառնիկ Հարությունյանը կալանավորված է: