ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջելմս Ուորլիքին կոչ է արել հատուկ ճեպազրույց անցկացնել, որի ընթացքում նա կպատասխանի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ մի քանի հարցերի:
Մտահոգիչ հարցերը Էդ Ռոյսը եւ կոնգրեսական Էլիոթ Էնջելը շարադրել էին հոկտեմբերի 26-ին Ուորլիքին հասցեագրված նամակում, որը ստորագրել էր Ներկայացուցիչների պալատի 80 անդամ: Դրանք վերաբերում են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից բռնության աճը կասեցնելուն ուղղված կոնկրետ քայլերին, այդ թվում՝ շփման գծից դիպուկահարներին հեռացնելը, ԵԱՀԿ դիտորդական գործողություններն ակտիվացնելը, սահմանային միջադեպերի հետաքննությունների մեխանիզմ ստեղծելը:
«Ինչու՞ դիպուկահարներին սահմանից հետ չեն քաշում, ինչու՞ չեն ստեղծում այդ միջադեպների հետաքննության մեխանիզմներ»,- Վաշինգտոնում Հայ դատի ամերիկյան հանձնախմբի կազմակերպած հավաքի ժամանակ դեկտեմբերի 8–ին ասել է Էդ Ռոյսը՝ հիշեցնելով, որ օրերս Ադրբեջանը աննախադեպ քայլի է գնացել՝ կրակելով տանկից:
Հայ դատի ամերիկյան հանձնախմբի կազմակերպած միջոցառմանը ներկա էին մեծ թվով կոնգրեսականներ եւ Հայ համայնքների ղեկավարներ ամերիկյան տասնյակ նահանգներից:




























