ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերն իր անհանգստությունն է հայտնել Ղարաբաղում իրավիճակի լարման կապակցությամբ:

«Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների էսկալացիայի եւ քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների պատճառով: Ես կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ հարգել հրադադարի պահպանման ռեժիմը»,- ասել է Շթայնմայերը՝ եւս մեկ անգամ ընդգծելով, որ խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն:

«Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունները շարունակելու համար: Համանախագահներն այս հարցում ունեն իմ լիակատար աջակցությունը՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող պետության»,- Շթայնմայերի խոսքը մեջբերում է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական կայքը: