News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ղարաբաղյան հակամարտության պատճառով Հռոմի Ֆրանցիսկոսը Պապը հրաժարվել է նույն այցի շրջանակում այցելել եւ Հայաստան, եւ Ադրբեջան: Հռոմի Պապը հունիսի 24-26–ը կլինի Հայաստանում, իսկ հոկտեմբերի սկզբին կմեկնի Ադրբեջան եւ Վրաստան, գրում է Rome Reports-ը: Ըստ իտալական պարբերականի՝ Հռոմի պապին բարդ այցելություն է սպասվում, նա փորձելու է նպաստել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի հաշտեցմանը: Իր հերթին Սուրբ աթոռի մամուլի քարուղար Ֆեդերիկո Լոմբարդին ասել է, որ  իր այցով Հռոմի պապն ընդգծելու է իր ջերմ վերաբերմունքը հայ ժողովրդի հանդեպ, որն այդքան տառապանք է տեսել իր երկար պատմության ընթացքում: Հայաստանում  Հռոմի պապը հանդիպելու է Ցեղասպանության զոհերի ժառանգների հետ: Իսկ այցի վերջին օրը Ֆրանցիսկոս պապը կլինի Խոր Վիրապում, որտեղ աղավնիներ բաց կթողնի Արարատ լեռան ուղղությամբ: Միաժամանակ, ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռուսաստանից ուխտագնացների խումբը Երեւան է ժամանելու 25 հազար կաթոլիկների հետ միասին աղոթելու Գյումրիում Հռոմի պապի մատուցելիք պատարագի ժամանակ: Նշենք, որ պապի այցին ընդառաջ Հայաստանում մի շարք անակնկալներ են պատրաստվում: Դրանցից մեկը կոմպոզիտոր Գարի Քյոսայանի նոր ստեղծագործությունն է՝ «Ավե Մարիան», որն առաջին անգամ կհնչի Հռոմի Պապի այցի առթիվ կազմակերպված համերգի ընթացքում:

Ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու եւ պահելու մեջ կասկածվող Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվում է ցուցմունք տալ: Ազատամարտիկն իր  երեք պաշտպանների հետ այսօր քննչական գործողությունների է մասնակցել՝ այդ թվում առերեսման: Սեֆիլյանն իրեն այցելած փաստաբաններին ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ասել է, որ տեղի ունեցածը համարում է քաղաքական հալածանք, իսկ իրեն վերագրվող մեղադրանքները՝ անհեթեթություն:

Սեֆիլյանի ձերբակալությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել «Ժառանգությունը»: Կուսակցության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ դա պայմանավորված է տարածքային զիջումների եւ, մասնավորապես, արցախյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների դեմ վճռականորեն հանդես գալու՝ նրա դիրքորոշմամբ:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համամիտ չէ, որ Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական հետապնդում է:

Շարմազանովն անդրադարձել է նաեւ  Ազգային ժողովի նիստերից մշտապես բացակայող պատգամավորների աշխատավարձերից պահումներ անելուն: Ըստ նրա՝ այդ պատժամիջոցը տարածվելու է բոլորի, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի վրա, որը վերջին նստաշրջանի ոչ մի նիստի չի մասնակցել:

Դավիթաշենում նախօրեին երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել. դիտահորում աշխատելիս «Երեւան Ջուր» ընկերության երկու աշխատակիցների ինքնազգացողությունը վատացել է: Նրանցից մեկը տեղում մահացել է, մյուսը` տեղափոխվել հիվանդանոց: Նախնական տվյալով՝ նրանք թունավորվել են շմոլ գազից:  Կատարվում է քննություն: «Երեւան ջուր» ընկերությունը հայտարարել է, որ այդ աշխատակիցները մասնավոր գործունեություն են ծավալել:

Գյումրիի տնակներից մեկում հունիսի 20-ին հայտնաբերվել են մոր ու որդու դիերը: Մահացածներին գտել են, երբ հարեւաններն ահազանգել են, որ մի քանի օր Հակոբյանները ելումուտ չեն անում: Քննչական կոմիտեն ավելի ուշ տարածել է հաղորդագրություն, որ 80-ամյա Սիրիկ եւ 60-ամյա Սարգիս Հակոբյանները  մահացել են բռնության հետեւանքով: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:

Եվս մեկ դժբախտ պատահար՝ Լոռու մարզում: Ստեփանավանում կայծակնահարությունից 79-ամյա տղամարդ է մահացել: Թոռը նրան մահացած է գտել դաշտում, ուր ծերունին գնացել էր կովերին արածեցնելու:

«Yandex Taxi» օնլայն ծառայության մուտքը անհանգստացրել է Հայաստանի անհատ տաքսիստներին: Նրանք մտավախություն ունեն, որ առաջին երկու կիլոմետրի համար 100 դրամ մինիմալ վճարով ծառայություն առաջարկող ռուսական տաքսին անհավասար մրցակցություն է առաջացնելու շուկայում: Անհատ տաքսիստների մտահոգությունները ներկայացրել է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգան Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ տաքսիստները սպառնում են, որ թույլ չեն տալու ռուսական ընկերության մուտքը հայկական շուկա, հատկապես որ «Yandex Taxi»-ն մտադիր է համագործակցել միայն տաքսի ծառայությունների հետ, բայց ոչ անհատ տաքսիտների:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան դոպինգի պատճառով ժամանակավորապես որակազրկել է Հռիփսիմե Խուրշուդյանին: Նրա դոպինգ թեստը հայտնաբերել է ստանոզոլոլ, որը համարվում է արգելված խթանիչ: Նմուշը 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ անցած դոպինգ թեստից է: Կմասնակցի արդյոք Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Խուրշուդյանը Ռիոյի Օլիմպիական խաղերին, կորոշի Միջազգային օլիմպիական կոմիտեն գործն ուսումնասիրելուց հետո:

Միջազգային մամուլը շարունակում է ակտիվ քննարկել, թե ուր կտեղափոխվի Հենրիխ Մխիթարյանի, որի պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ ավատվում է 2017-ի ամռանը: Լրատվամիջոցները գրում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կիսապաշտպանին ձեռք բերելու համար առաջարկել է 25 միլիոն եվրո, սակայն մերժում է ստացել: «Բորուսիան» Մխիթարյանի համար պահանջում է 40 միլիոն եվրո: Նշենք, որ Մխիթարյանը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը գերմանական ակումբի հետ:

Այսօր աճել է միայն ֆունտի փոխարժեքը, մյուս երեք հիմնական արտարժույթներինը՝ նվազել է: Եվ այսպես դոլարի փոխարժեքը կազմել է 476, ռուբլունը՝ 7.43, եվրոյինը՝ 540, ֆունտինը՝ 703 դրամ:

Երեւանում հունիսի 22-ին անձրևի հավանականությունը փոքր է: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +19+21, իսկ վաղը ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ