News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


8 ամսվա մեջ երկրորդ անգամ եւ մեկուկես տարվա մեջ երրորդ անգամ Ֆրանսիան արյունալի հարձակման զոհ դարձավ, որը տարբերվում էր իր դաժանությամբ։ Անցած տարվա նոյեմբերին 130 մարդու կյանք խլած բազմակի ահաբեկչական հարձակումներից դեռ ուշքի չեկած ֆրանսիացիները երկրորդ հարվածը ստացան, այն էլ իրենց ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա տոնակատարության ժամանակ:

Թիրախն այս անգամ Ֆրանսիայի հարավային Նիս քաղաքն էր՝ եվրոպական ամենաճանաչված կուրորտներից մեկը. լազուրե ափին երեկոյան տոնական պրոմենադը հաշված րոպեների ընթացքում սպանդանոց դարձավ՝ խլելով տասնյակ մարդկանց կյանք:

Երբ տոնախմբության մասնակիցները դեռ շքեղ հրավառության տպավորության տակ էին, փողոց ներխուժեց սպիտակ բեռնատար ավտոմեքենան: Հետագայում հրապարակված կադրերից երեւում է, որ ոստիկանները համարժեք չեն կարողացել գնահատել իրավիճակը, բեռնատարի ներխուժումը դիտարկել են՝ որպես սովորական իրավախախտում եւ փորձել են կանգնեցնել վարորդին՝ բղավելով եւ մեքենայի հետեւից վազելով: Իրավապահները սթափվել են միայն այն ժամանակ, երբ մեքենան մոտ երկու կիլոմետր զիգզագաձեւ ընթացքով մխրճվել է բազմության մեջ՝ ճզմելով տասնյակ մարդկանց, իսկ երբ ոտիկանները կանգնեցրել են մեքենան, վարորդը սկսել է անկանոն կրակ բացել մարդկանց ուղղությամբ:

Լազուրե ափին տեղի ունեցածի ամբողջ սարսափը հասկանալու համար բավական է դիտել այս կադրերը. մարդիկ սարսափահար փախչում են՝ փորձելով փրկել իրենց եւ մտերիմների կյանքը:

Ուշքի գալուց հետո ոստիկանությունը կրակ է բացել վարորդի ուղղությամբ եւ ոչնչացրել նրան, բայց նա արդեն հասցրել էր 84 մարդու սպանել, այդ թվում, 10 երեխայի: 188 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 48-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Սպիտակ բեռնատարում, որն ինչպես ավելի ուշ պարզվեց, 9 ժամ կանգնած է եղել փողոցում, որտեղ երթեւեկությունը որպես կանոն արգելվում է, հայտնաբերվել են մեծ քանակությամբ զենք եւ պայթուցիկ նյութեր:  Ոստիկանները, պարզվում է, նկատել էին արգելված վայրում կայանած մեքենան, հարց ու փորձ արել վարորդին եւ բավարարվել նրա պատասխանով, թե պաղպաղակ է տեղափոխում:

Զոհերի մեջ նախնական տվյալով մեկ հայ կա. 34-ամյա կինը վերջերս էր ամուսնացել ու տեղափոխվել Նիս, մանկահասակ մեկ երեխա ուներ:

Ֆրանսիայի նախագահ Օլանդը դեպքից ժամեր անց հայտարարեց, թե կատարվածն ահաբեկչական հարձակում էր: «Ֆրանսիայի գլխին կախվել է իսլամական ահաբեկչության սպառնալիքը: Այս պայմաններում մենք պետք է ցուցաբերենք բացարձակ զգոնություն»,- հայտարարեց Օլանդը:

Այնուամենայնիվ, Իսլամական պետությունը դեռ պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության համար: Ֆրանսիական լրատվամիջոցները, սակայն, պնդում են, որ ողբերգությունը հենց այդ ահաբեկչական խմբավորման ձեռքի գործն է:

Բեռնատարի վարորդի ինքնությունը պարզվեց այսօր կեսօրին. Մուհամեդ Լաուեժ Բուլել, 31 տարեկան, Ֆրանսիայի քաղաքացի, ծագումով թունիսցի, Նիս էր տեղափոխվել 1 տարի առաջ, ամուսնալուծված է, ունի երեք երեխա: Նրան ճանաչողներն ասում են, որ Մուհամեդին դժվար է որպես իսլամիստ բնութագրելը, քանի որ երբեք չէր խոսում կրոնի թեմաներով, ալկոհոլ էր օգտագործում, Ռամադանին ծոմ չէր պահում: Կարծիք կա, որ Մուհամեդի մոտ պարզապես տեղի են տվել նյարդերը, քանի որ ամուսնալուծությունից հետո շատ նյարդային եւ ագրեսիվ էր:

Նրա կապն ահաբեկիչների հետ դեռեւս չի հաստատվել, սակայն հայտնի է, որ Մուհամեդը բազմիցս ոստիկանության տեսադաշտում է հայտնվել բռնության եւ զենք կիրառելու պատճառով: Նրա տան խուզարկության արդյունքում նույնպես զենքեր եւ նռնակներ են գտել:

Ֆրանսուա Օլանդն այսօր առավոտից ցավակցություններ է ստանում աշխարհի գրեթե բոլոր պետությունների ղեկավարներից: «Խորապես ցնցված եմ սարսափելի ոճրագործության լուրից: Դրանք հարված են ոչ միայն Ֆրանսիային, այլեւ ամբողջ մարդկությանը: Վշտի այս ծանր պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը կանգնած են բարեկամ Ֆրանսիայի կողքին»,- ցավակցական հեռագրում գրել է Սերժ Սարգսյանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է, որ Օլանդը զբաղված լինելու պատճառով հեռախոսազրույցի ժամանակ չունի եւ իր ցավակցությունը հայտնել է տեսաուղերձով:

Ֆրանսիայի՝ բնակչության թվով հինգերորդ խոշորագույն քաղաքում արյունալի հարձակումը դժգոհության ալիք է առաջացրել ֆրանսիացիների շրջանում: Համացանցում օգտատերերն իրենց անվտանգության վերաբերյալ հարցեր են բարձրացնում. ինչպես է հսկայական բեռնատարը երկու կիլոմետր անարգել առաջ ընթացել այն հատվածում, որը երթեւեկության համար փակ էր, եւ ինչու ոստիկանները չեն կարողացել կանգնեցնել նրան, ինչպես կարող էր նման ողբերգություն տեղի ունենալ քաղաքի այն հատվածում, որը համարվում է ամենապաշտպանվածը եւ որտեղ ամեն տարի ազգային տոնը նշվում է ոստիկանության խիստ հսկողությամբ: 

Ֆրանսիայում եռօրյա համազգային սուգ է հայտարարվել: Օլանդը եւս երեք ամսով երկարացրել է Բատակլանի հարձակումից հետո երկրում հայտարարված արտակարգ դրությունը, որը երկու անգամ երկարաձգել էր եւ ճակատագրի հեգնանքով հենց երեկ հարձակումից առաջ հայտարարել էր, որ արդեն մտադիր է վերացնել:

Նիսի ողբերգությունը ցնցել է ամբողջ մարդկությանը, տարբեր երկրներում Ֆրանսիայի դեսպանատների մոտ ծաղիկներ են դնում եւ մոմեր վառում զոհերի հիշատակին: Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց այսօր առավոտից ծաղիկներ էին հայտնվել, երեկոյան նախատեսվում էր այստեղ մոմավառություն անցկացնել

Ընդամենը մի քանի ամիս առաջ այստեղ ծաղիկների ու խաղալիքների արանքում ֆրանսիական Բատակլան թատրոնի դեմ հարձակման զոհերի հիշատակի խոսքեր էին գրված: Այսուհետեւ «Մենք բոլորս աղոթելու ենք Նիսի զոհերի համար»՝ հույսով, որ դա կլինի վերջինը, ու մարդկությունը վերջապես կգտնի ահաբեկչության չարիքի դեմ դեղատոմսը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ