Երեւանի «Սլավմեդ» բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական ծառայության վիճակն ուսումնասիրելու համար հանձնաժողով է ստեղծվել: Նման հրաման է ստորագրել Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:

Նախարարը պահանջել է վեր հանել կազմակերպչական եւ բժշկական օգնության թերությունները եւ ներկայացնել առաջարկություններ։

«Սլավմեդ» ԲԿ-ում այս տարվա առաջին յոթ ամիսներին 2 ծննդկան է մահացել: Ապրիլի վերջին մահացել էր 37-ամյա ծննդկան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննություն է ընթանում: Երկրորդ դեպքը հուլիսի 27-ին էր. կեսարյան հատումով ծննդաբերած 28-ամյա կինը մեկ օր անց մահացել էր: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հետաքրքրական է, որ առաջին անգամ է Արմեն Մուրադյանի հրամանով հանձնաժողով ստեղծվում՝ քննելու որեւէ բժշկական կենտրոնի ծառայությունները: