Հայ- թուրքական սահմանը ապօրինի հատած՝ Անգոլայի քաղաքացու գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Բոբ Ժոաո Դոնգալան հունիսի 14-ին ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտակայքում գտնվող «Երվանդաշատ» ուղեկալի հատվածով ոտքով ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը եւ Թուրքիայից անցել Հայաստանի տարածք: Ժամեր անց՝ հունիսի 15-ին ժամը 01:30-ին, բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայողների կողմից:

Բոբ Ժոաո Դոնգալային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցներն Անգոլայի քաղաքացու են ձերբակալել, որն ապօրինաբար հատել է հայ-թուրքական սահմանը:

Ըստ Սահմանապահ վարչության մամուլի ծառայության՝ սահմանախախտը լողալով անցել է սահմանային Արաքս գետը, հետո, հատուկ գիտելիքներ ունենալով, հաղթահարել է ազդանշանային համալիրը եւ մի քանի տասնյակ մետր գնացել սահմանի երկայնքով` փորձելով «քողարկել հետքերը»:

Որոշ ժամանակ անց սահմանախախտը փորձել է խորանալ ՀՀ տարածք: Տեղաբնակները տեսել են նրան եւ օպերատիվ կերպով հայտնել սահմանապահ ուղեկալ: Նա վնասազերծվել է եւ փոխանցվել է ռուս սահմանապահներին:

«Առաջնային հարցման ժամանակ սահմանախախտը պարզաբանել է, որ Անգոլայի քաղաքացի է, 1982թ. ծնված եւ մտադիր էր Հայաստանով հասնել Անգոլա»,-ասվում է հաղորդագրության մեջ: