Գյումրիում հոկտեմբերի 10-ին, Անդրանիկ Օզանյան հասցում լքված կիսակառւյց եռահարկ շենքի կտուր բարձրացած ու ինքնավնասում կատարած երիտասարդը բոլորին խաբել է՝ ասելով, թե ինքն ազգությամբ ռուս է ներկայացել այլ անուն ազգանունով: Շիրակի մարզի դատախազի ժամանակով պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, երիտասարդն իրականում Արամավիրի մարզի բնակիչ է՝ 30-ամյա Վարդան Գրիշայի Սարգսյանը:

Նա Վաղարշապատի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերի մեղադրանքով (գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):

Հիշեցնենք, որ տղամարդը նախորդ երեկոյան ժամը 19:00 -ին բարձրացել էր լքված շենքի տանիք, գոռում էր, որ պատրաստվում է ինքնասպանություն գործել եւ ուզում էր տեսնել ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր հայր Անդրեյ Վացինին: Շիրակի մարզային փրկարական վարչության ջոկատին հաջողվել է տանիքից իջեցնել ոչ սթափ վիճակում գտնվող երիտասարդին, նա հասցրել էր ինքնավնասում անել: Նրան տեղափոխել էին Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ նա ներկայացել էր որպես 24-ամյա Ալեքս Կեմերով: 

Հիվանդանոցում նրա մոտ ախտորոշվել էր վերին վերջույթների բազմակի կտրված վերքեր եւ արյունահոսող վերքեր: