Կաշառակեր դատավորի են բռնել: Ազգային անվտանգության ծառայությունը ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին: Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը 1000 դոլար է պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել կաշառքը: Գումարը փոխանցվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ Բարսեղյանը կաշառք է վերցրել հոկտեմբերի 31-ին նշանակված նիստով որոշում կայացնելու համար:
Քաղաքականություն Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի հարցն այսօր խորհրդարանական ավանդական ճեպազրույցների գլխավոր թեման է եղել: ԲՀԿ նախկին ղեկավարի վերադարձը քաղաքականություն ոչ բոլոր ուժերի ներկայացուցիչներն են անհրաժեշտ համարում: Մասնավորապես, նման կարծիք է հայտնել «Ժառանգություն»-ից Զարուհի Փոստանջյանը:
Վահրամ Բաղդասարյանն էլ անդրադարձել է լուրերին, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձը համաձայնեցվել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Ասում է՝ եթե թույլտվությամբ են քաղաքականություն վերադառնում, ավելի լավ է չվերադառնան:
«Հայկական վերածնունդը» մտավախություն չունի, որ Գագիկ Ծառուկյանը կվերադառնա, ԲՀԿ-ն էլ կակտիվանա եւ կտանի իրենց ընտրազանգվածը: Մհեր Շահգելդյանի խոսքով՝ իրենք ամենօրյա աշխատանք են տանում քաղաքացիների հետ:
Ամեն դեպքում, եթե Ծառուկյանը վերադառնա ակտիվ քաղաքականություն, ըստ Վահե Էնֆիաջյանի, չի բացառվում, որ նորից կգլխավորի նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Իսկ Ազգային ժողովի նիստերից բացակայությունների մասին դիտարկմանը պատգամավորը պատասխանել է, որ պատգամավորական գործունեությունը միայն օրենքների մշակման աշխատանքը չէ, այլեւ բարեգործական միջոցառումները, ժողովրդին ցուցաբերվող աջակցությունը:
Պայթեցման միջոցով քանդվել է Երեւանի Հանրապետության-Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող նախկին առաջին տպարանի շենքը: Արձագանքները չեն ուշացել: Ճարտարապետ Արսեն Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրառմամբ պահանջել է կառավարության մակարդակով գնահատական տալ պայթեցմանը եւ փրկել շենքի՝ դեռեւս պահպանված հատվածը:
Երեւանի գլխավոր ճարտարապետը NEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ տպարանը հուշարձանների ցանկում չկա եւ դրա պահպանման խնդիր դրված չի եղել: Տիգրան Բարսեղյանը նաեւ հավելել է, որ Երեւանի քաղաքապետարանն այն քանդելու թույլտվություն տվել է, բայց պայթեցումն արդեն իրենց իրավասության դաշտում չէ:
Մշակույթի նախարարը ցավ է հայտնել հին Երեւանի մաս կազմող շենքի փլուզման առիթով՝ հավելելով, սակայն, որ ոչինչ անել չեն կարող. սեփականատերն է նման որոշում կայացրել:
Նշենք, որ «Մաքուր երկաթ» ընկերության տնօրեն Գենադի Կարապետյանը տպարանի տեղում հյուրանոց է կառուցելու: Նա վստահեցրել է, որ շենքի ճակատամասը չի փոխվելու:
«Յանդեքս Տաքսին» խիստ նախազգուշացում է ստացել: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ուսումնասիրել է վարորդների բողոքներն ու մամուլի հրապարակումները եւ պարզել, որ ընկերությունը Հայաստանում հակամրցակցային գործունեություն է ծավալել: Պարզվում է՝ գործունեության մի քանի ամիսների ընթացքում «Յանդեքս Տաքսին» վնասով է աշխատել, բայց գործընկեր տաքսիստներին յուրաքանչյուր պատվերի համար 400-ական դրամ է վճարել ։ Հանձնաժողովի դիտարկմամբ՝ դա կարող էր հանգեցնել դաշտից որոշ տաքսի ծառայությունների դուրս մղվելուն։ «Յանդեքս»-ի ներկայացուցիչները պարտավորվել են կանոնակարգել իրենց գործունեությունը։
Հոկտեմբերի 28-ին դոլարն ու եվրոն թանկացել են: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 475 դրամ, եվրոյինը՝ 518, ռուբլունը՝ 7 դրամ 55 լումա, ֆունտինը՝ 577 դրամ։
Հոկտեմբերի 29-ին հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն: Օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը ժամանակ առ ժամանակ անձրեւ է սպասվում: