News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


2017 թվականի առաջին տասնօրյակը հագեցած էր տարատեսակ իրադարձություններով՝ ինչպես ուրախ տոնական, այնպես էլ ողբերգական: Համառոտ ներկայացնենք այս տարվա 9 օրերի կարեւորագույն լուրերը:

Նախ՝ սահմանային իրավիճակի մասին: Ադրբեջանական կողմն «ավանդույթը» չի խախտել. տարեմուտի գիշերվանից սկսած հակառակորդը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը՝ օգտագործելով իր զինանոցի մեծ մասը. ինքնաձիգ, գնդացիր, ականանետ, դիպուկահար: Բարեբախտաբար, հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չեն եղել:

Իսկ ամանորի նախաշեմին վիրավորված Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Գարիկ Վարդանյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նա զինվորական հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքում է, անգիտակից վիճակում: Գարիկ Վարդանյանը վիրավորվել է դեկտեմբերի 31-ին, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հյուսիս-արեւելյան ուղղությամբ հրադադարի ռեժիմը խախտելու հետեւանքով:

Սարդարապատի հուշահամալիրից մեկնարկել է 2017 թվականի առաջին զորակոչը՝ պաշտպանության նախարարի մասնակցությամբ: Վիգեն Սարգսյանը փաստել է. նորակոչիկները ոգեւորությամբ են մեկնում ծառայության:

Իսկ բանակի վերազինումն ու արդիական տեխնիկայով ապահովումը, ըստ Վիգեն Սարգսյանի, մշտական գործընթաց են: Նա ներկայացրել է մի քանի նորամուծություն. զինվորները ծառայության են մեկնում՝ հենց հավաքակայանում հանդերձավորվելով, վիճակահանությամբ իրենք են որոշում այն վայրը, որտեղ պետք է ծառայություն անցնեն: Բացի այդ, այսուհետ նորակոչիկներն առաջին վեց ամիսը կծառայեն ուսումնական զորամասերում, հետո միայն մարտական հերթապահության կմեկնեն:

Ինչ վերաբերում է առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներին բանակ զորակոչելուն. նախարարը վստահեցրել է, որ Հանրապետական հանձնաժողովի առջեւ սկզբունքային խնդիր է դրվել՝ ուսումնասիրել հիվանդությունների վերաբերյալ յուրաքանչյուր առանձին դեպք:

Արտակարգ միջադեպ Գեղարքունիքում: Սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին՝ 29-ամյա Հայկ Հակոբյանը: Ըստ տեղեկությունների՝ սպանությանը նախորդել է մեքենան չզիջելու պատճառով ծագած վիճաբանությունը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7 պարկուճ եւ երկու գնդակ: Սպանությունը կատարելու մեջ կասկածվողի ինքնությունը հայտնի է. նա Նորատուսի բնակիչ Մեխակ Հարությունյանն է: Հունվարի 8-ին Հարությունյանը ներկայացել է ոստիկանություն: Քրեական գործ է հարուցվել:

Արմավիրի մարզում հունվարի 8-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել: Մուսալեռ գյուղի շենքերից մեկի բնակարանում 3 դի են հայտնաբերել՝ երիտասարդ զույգի եւ 4 ամսական երեխայի: Հայտնի է մահացածների ինքնությունն ու ողբերգության պատճառը. 27-ամյա Հրաչյա Բաղդասարյանը, 20-ամյա Աննա Միսակյանը եւ նրանց դուստրը՝ 4 ամսական Ասյա Բաղդասարյանը, մահացել են գազի արտահոսքի հետեւանքով:

Նրանք Ամանորի առիթով Եղվարդից հյուր էին եկել մոր տուն: Մայրը նախապես զգուշացրել է. վառարանը չի կարելի վառել, խողովակներ չունի: Հավելենք նաեւ, որ մահացած երիտասարդ կինն էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով կարեւոր վկա Աննա Միսակյանն է:

Ավելի ուշ նույն շենքի մեկ այլ բնակարանում հայտնաբերել են 46-ամյա Գագիկ Դավթյանի դին: Նրա տանը հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում տղամարդը ծխախեղդ է եղել: Հարեւանների խոսքով՝ Դավթյանը հոգեկան խնդիրներ ուներ:

Դեկտեմբերի 31-ին կալանքից ազատել են «Սասնա ծռեր» խմբին սնունդ տարած Արթուր Սարգսյանին, որը հայտնի է «Հաց բերող» անունով: Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է առողջական խնդիրների պատճառով: Նա տանն է, բժիշկների հսկողության ներքո: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը նախ մեղադրվում էր զինված խմբի կազմում նախնական համաձայնությամբ հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածք մտնելու մեջ, իսկ հետո մեղադրանքը փոխվեց: Հիմա Սարգսյանին մեղադրում են «Սասնա ծռերին» օժանդակելու համար:

Ամանորի գիշերը Ստամբուլի Reina գիշերային ակումբում ահաբեկչություն է իրականացվել: Շուրջ չորս տասնյակ մարդ զոհվել է, վիրավորների թիվը 70-ի է հասնում: Հարձակման պահին ակումբում 700-800 մարդ է եղել, այդ թվում՝ զբոսաշրջիկներ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ չարագործն ակումբ է մտել Ձմեռ պապի հագուստով, որի տակ էլ թաքցրել է Կալաշնիկով տեսակի ավտոմատն ու նռնակները:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը: Իսկ Թուրքիայի ոստիկանությունը հայտնել է, որ հարձակումն իրականացրողն Ուզբեկստանի քաղաքացի է: Նա փախուստի է դիմել: Ենթադրվում է, որ հանցագործը հեռացել է Թուրքիայից: Հավելենք, որ ահաբեկչության զոհերի եւ վիրավորների թվում Հայաստանի քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան:

Մի միջադեպ էլ գրանցվել է Երուսաղեմում: Այստեղ բեռնատարը վրաերթի է ենթարկել անցորդներին: 4 զոհ կա, առնվազն 15 վիրավոր: Իրավապահները գնդակահարել են վարորդին: Հաղորդվում է, որ նա Արեւելյան Երուսաղեմի բնակիչ է: Ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն է որակել: Դեպքը տեղի է ունեցել զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ Արմոն խա-Նացիվ հրապարակում:

Անկարգություններ Եվրոպայում: Առանձնապես ուշագրավ է Ֆրանսիայում ձեւավորված վատ ավանդույթը: Տարեմուտի գիշերը ֆրանսիական տարբեր քաղաքներ լուսավորվել են, բայց՝ հրդեհված մեքենաների լույսով. չարագործները շուրջ 650 մեքենա են այրել: Ֆրանսիայի քաղաքների փողոցներում տոնական օրերին կարգը պահպանել են ավելի քան 100 հազար ոստիկաններ, ժանդարմներ, հրշեջներ, բայց սա անհայտորեն բավարար չի եղել հանցագործությունները կանխելու համար:

Կյանքից հեռացել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Նա 82 տարեկան էր: Հունվարի 8-ի երեկոյան Ռաֆսանջանին սրտի կաթվածով հիվանդանոց էր տեղափոխվել: Ալի Ռաֆսանջանին Իրանի Իսլամական հանրապետության նախագահ է եղել 1989-1997 թվականներին:

Թբիլիսիում 67 տարեկանում կյանքից հեռացել է բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանը: Նա ծնվել է 1949 թվականին, Թբիլիսիում: 1988 թվականից Վրաստանի գրողների միության «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն էր: Անահիտ Բոստանջյանն ավելի քան 30 գրքերի հեղինակ է, թարգմանել է վրացի գրողների բազմաթիվ ստեղծագործություններ:

Լավագույն նվերը միայն ինքդ կարող ես քեզ մատուցել: Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի փողոցներից մեկը վերջերս վերանվանել են գործող գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանի անունով: Մեզ հետ զրույցում Թեւոսյանը նախ շեշտեց իր մեծ վաստակի մասին. 30 տարի գյուղապետարանում է աշխատել: Իսկ փողոցի վերանվանումը համագյուղացիների նվերն է իր 72-ամյակին. «Գյուղացիներից մեկը ավագանուն առաջարկություն է արել, ավագանին էլ էդ փողոցն իմ անունով է կոչել: Էդքան բան»: Բայց դա գյուղացիների մեծ սիրո ու հարգանքի միակ հավաստիքը չէ. 12 տարի առաջ՝ 60-ամյա հոբելյանի առիթով, Ֆրոնտիկ Թեւոսյանի անունով է կոչվել նաեւ Նոր Գեղիի երաժշտական դպրոցը:

Հունվարի 9-ին դոլարի փոխարժեքն աճել է, եվրոյինը՝ շուրջ 2 դրամով նվազել: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 509, ռուբլունը՝ 8 դրամ 9 լումա, ֆունտինը՝ 587 դրամ:

Հունվարի 10-ին հանրապետության որոշ շրջաններում՝ Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում եւ Արմավիրում, թույլ ձյուն է սպասվում: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում վաղը ձյան թույլ տեղումներ են սպասվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ