News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի հերթական քառօրյան կարելի է վերջնականապես տապալված համարել: Այսօր կրկին քվորում չապահովվեց. խորհրդարան էր ներկայացել ընդամենը 14 պատգամավոր: Պատգամավորները, սակայն, որոշել են Ազգային ժողով հասնելուց մի օգուտ ունենալ՝ խմբակային լուսանկար անել: Առաջարկն արել է Հերմինե Նաղդալյանը, դահլիճում ներկա պատգամավորներից մեկն էլ դպրոցական տարիներն է հիշել ու արձագանքել՝ «վինետկայի» նկար:

Գյուղատնտեսության ոլորտում ներկրվող ապրանքները տեղական արտադրանքով փոխարինելու հարցն արդեն մի քանի օր է՝ վարչապետ Կարեն Կարապետյանը քննարկում է տարբեր հանդիպումների ընթացքում: Այսօր էլ հարցին անդրադարձել է կառավարության նիստի ընթացքում: Հանձնարարել է Հայաստանում հանքային եւ կենսաբանական պարարտանյութերի արտադրության ուղղությամբ հնարավոր ներդրումային ծրագրի ամբողջական փաթեթ կազմել:

Ոլորտին վերաբերող եւս մեկ խնդիր. տարիներ շարունակ ֆերմերներին կրթում են, բայց արդյունքն այնքան էլ տեսանելի չէ: Հիմա Կարեն Կարապետյանն առաջարկում է ֆերմերների «սպեցնազ» ստեղծել: Բարեփոխումների կարիք, ընդ որում՝ կտրուկ փոփոխություններով, ունի նաեւ ջրօգտագործման ոլորտը: Բոլորի համար հավասար պայմաններ պետք է ապահովել: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարական ուներ:

Արտեմ Ասատրյանին էլ վարչապետը հանձնարարել է ուսումնասիրել եւ վստահ լինել, որ գազի եւ էլեկտրականության վճարների արտոնություններից իսկապես անապահով ընտանիքներն են օգտվում: Նման դեպքեր, հիշեցրել է, արդեն եղել են:

Արման Սահակյանի ներկայացրած որոշման նախագիծը զարմացրել ու զայրացրել է վարչապետին: Պետգույքի կառավարման վարչության պետը ներկայացրել է «Արաքս» ՓԲԸ-ի պետական 80 տոկոս բաժնեմասն օտարելու առաջարկը: Կարեն Կարապետյանը նախ հետաքրքրվել է. ինչո՞վ է զբաղվում ընկերությունը: Սահակյանը հարցին չի կարողացել պատասխանել: Իսկ ինչո՞ւ էինք սպասում 17 տարի: Այս հարցը նույնպես պատասխան չի ունեցել:

Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել նաեւ «Հայաստանի ներդրողների ակումբ» ներդրումային հիմնադրամի հետ հուշագրի ստորագրումը։ Կարեն Կարապետյանը բացատրել է, թե ինչու է կարեւորում այն:

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում բավական կոշտ ելույթ է ունեցել: Մեծ Բրիտանիայի դեսպանը Ռուսաստանին մեղադրել է Բաշար Ասադի ռեժիմին, նրա խոսքով, «անամոթաբար աջակցելու» մեջ, ինչին ի պատասխան ռուս դիվանագետը հայտարարել է, որ Լոնդոնը վախենում է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հնարավոր համագործակցությունից: Զայրացած Սաֆրոնկովը նույնիսկ «դու»-ի է անցել: Ելույթի վերջում Սաֆրոնկովը զայրացած նետել է. «Չհամարձակվե՛ք վիրավորել Ռուսաստանին»:

Մինչ այդ՝ Մոսկվայում էր ԱՄՆ պետքարտուղարը: Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ Սերգեյ Լավրովը Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Սիրիային Միացյալ Նահանգների հասցրած հարվածները հակասում են ահաբեկչության դեմ պայքարի նպատակներին: Լավրովը նաեւ պնդել է միջադեպի մանրամասն հետաքննության անհրաժեշտությունը: Վլադիմիր Պուտինն էլ Թիլերսոնի հետ հանդիպմանը «կետ առ կետ» ներկայացրել է բոլոր այն պատճառները, որոնք, իր պատկերացմամբ, հանգեցրել են հարաբերություններում այժմյան տխուր վիճակին: Հանդիպման ավարտին, սակայն, Թիլերսոնը պնդել է, որ Սիրիայում ամերիկյան հրթիռակոծությունը հիմնավորված է եղել:

Արմավիրում տղամարդը փողոցում գնդակահարել է նախկին կնոջը: Տեղեկությունների համաձայն՝ 37-ամյա Բախշի Մարտիրոսյանը որսորդական հրացանից կրակել է 38-ամյա Սյուզաննա Գալստյանի գլխին. կինը տեղում մահացել է: Հրազենը հայտնաբերված է, Մարտիրոսյանն ինքնակամ ոստիկանություն է ներկայացել ու ձերբակալվել:

Տեղեկությունների համաձայն՝ Բախշի Մարտիրոսյանը Սեւանի բնակիչ է: Նա նախկինում 7 տարի ազատազրկված է եղել գողության համար: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ տղամարդը հարցաքննվել է: Պարզվել է, որ անձնական խնդիրների պատճառով նախկին ամուսինները լարված հարաբերություններ են ունեցել:

Երեւանի շենքերից մեկից էլ 24-ամյա տղամարդ է նետվել: Երիտասարդին տեղափոխել են հիվանդանոց, սակայն մի քանի ժամ անց, ուշքի չգալով, մահացել է: Ոստիկանության տեղեկություններով` ինքնասպանություն գործած տղամարդը Լիբանանի քաղաքացի է:

Իսկ Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Չայնիի ոլորաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Հրշեջներն ու քաղաքացիները մարել են հրդեհը, բայց Mercedes-ը մոխրակույտի է վերածվել։ Ըստ տեղեկությունների՝ մեքենան պատկանում է 41-ամյա իտալացու:

Դոլարն ու եվրոն շարունակում են վերելքը, աննշան թանկացել է նաեւ ռուբլին: Արդյունքում դոլարի փոխարժեքն այսօր կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 517, ռուբլունը՝ 8 դրամ 60 լումա, ֆունտինը՝ 610 դրամ:

Ապրիլի 14-ին հանրապետության շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +11+13, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ