Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում անցած տարվա հուլիսին ծննդկան Նաիրա Աբգարյանի մահվան գործով նշանակված դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը ստացվել է: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լիանա Գասպարյանը:

«Գործում առկա է վիրահատության համաձայնագիր, որում գրված է, որ վիրահատությունից հետո հնարավոր են բարդություններ, գրված է Նաիրա Աբգարյանի անունն ու կողքը ստորագրություն: Տուժող կողմը, սակայն, պնդում էր, որ Նաիրան նման համաձայնագիր չի ստորագրել: Մենք միջնորդեցինք, որ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակվի: Միջնորդությունը բավարարվեց եւ ստացված եզրակացության համաձայն՝ համաձայնագրի վրա Նաիրա Աբգարյանի ստորագրությունը չի եղել, ինչը նշանակում է, որ փաստաթուղթը կեղծված է»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ փաստաթուղթը մեկ տարվա վաղեմություն ունի, ինչը նշանակում է, որ այն կեղծվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում:

Փաստաբան խոսքով, կար նաեւ գրառում, որն ասում էին, թե Նաիրա Աբգարյանն է արել, սակայն փորձաքննությամբ պարզվել է, որ այն նույնպես կեղծված է: Թե ում կողմից են կեղծվել այդ փաստաթղթերը, կպարզի քննությունը:

Հիշեցնենք, որ 44-ամյա Նաիրա Աբգարյանը կեսարյան հատումով զույգ էր ունեցել 2016թ. հուլիսի 21-ին մայրաքաղաքի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, վիրահատությունը նորմալ էր անցել, ժամեր անց, սակայն, վիճակը կտրուկ վատացել էր, արյունահոսություն էր սկսվել: Ծննդկանը տեղափոխվել էր բազմապրոֆիլային հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը շարունակվում է: