News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստն առանձնացել է բազմաթիվ ընդմիջումներով ու սանկցիաներով: Նախ՝ շենքի մուտքի մոտ սովորական դարձած պատմությունն է սկսվել. փաստաբանները դատական կարգադրիչների հետ նորից վիճել են իրենց զննել-չզննելու շուրջ: Նիստի հենց մեկնարկին էլ Տիգրան Հայրապետյանն այն հետաձգելու կամ ընդմիջելու միջնորդություն է ներկայացրել. նախորդ դատական նիստին ներկա չի եղել եւ ժամանակ է պետք, որ ծանոթանա, թե ինչ է տեղի ունեցել: Հետո եւս կես ժամով ընդմիջում. ամբաստանյալներից Սասունիկ Կիրակոսյանի ինքնազգացողությունն է վատացել:

Նիստի ընթացքում Տիգրան Հայրապետյանն ու Տիգրան Եգորյանը երկար ժամանակ փորձել են հայտարարություն անել. տեղեկություն ունեին, որ Ժիրայր Սեֆիլյանին ու Գեւորգ Սաֆարյանին դատարանի շենքում բռնության են ենթարկում: Դատավորը թույլ չէր տալիս ավարտել խոսքը: Տիգրան Հայրապետյանն ի վերջո զայրացել է ու սպառնացել, որ կլքի նիստերի դահլիճը:

Դատարանի շենքի միջանցքում էլ Գեւորգ Սաֆարյանի մայրը որդու մասին փորձել է տեղեկություն ստանալ Երեւանի փոխոստիկանապետից: Վալերի Օսիպյանը վստահեցրել է. Սաֆարյանին ոչ ոք մատով անգամ չի կպել: Կարճ ժամանակ անց ահազանգի հետքերով դատարան են եկել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները: Զրուցել են ամբաստանյալների հետ ու հերքել բռնության մասին տեղեկությունը:

Իսկ ամբաստանյալներ Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանն ու Գեւորգ Սաֆարյանը դահլիճում չեն եղել, քանի որ նախորդ նիստին դատարանը նրանց նկատմամբ սանկցիա էր կիրառել: Նիստի կեսից նրանց դահլիճ են բերել, բայց այստեղ երկար չեն մնացել: «Ոտքի՛, դատարանն է գալիս» հայտարարությանը նրանք չեն արձագանքել ու կրկին 10 ժամով հեռացվել դահլիճից:

Վերջում արդեն դատական սանկցիա է կիրառվել պաշտպանների՝ Տիգրան Հայրապետյանի ու Արայիկ Պապիկյանի նկատմամբ: Դատարանը պատրաստվում է նաեւ դիմել Փաստաբանների պալատ՝ նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Սրանից հետո արդեն նիստը հետաձգվել է:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում, որ առաջիկայում կարող է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցություններ ունենալ ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումը, հավանաբար, տեղի կունենա հուլիսին:

Դավիթ Տոնոյանը չի բացառում, որ արտակարգ իրավիճակների նախարարությունը կարող է միավորվել ոստիկանությանը: Բայց այդ հարցով քննարկումներ առայժմ չեն ընթանում: Ո՞ւմ համար է ստեղծվում նախարարությունը հարցին Տոնոյանը գերադասել է չպատասխանել. քանի դեռ քննարկումներ չեն սկսվել, պետք չէ ենթադրություններ անել:

Պատգամավոր Միհրան Պողոսյանին էլ լրագրողները հարցրել են կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի եւ ազդարարի ինստիտուտի ստեղծման մասին: Չեն մոռացել նաեւ հիշեցնել, որ օֆշորային սկանդալի ժամանակ շրջանառվում էր նաեւ ԴԱՀԿ նախկին ղեկավարի անունը: Պողոսյանը կարեւորում է կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի ստեղծումը, ինքն էլ ակտիվ աշխատելու է այդ ուղղությամբ:

Մոսկվայի մարզում վատ եղանակային պայմանների պատճառով Ռուսաստանի մայրաքաղաքի օդանավակայանների չվացուցակներում փոփոխություններ են տեղի ունեցել: Հետաձգվում են նաեւ դեպի Երեւան չվերթներ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից: «Շերեմետեւո» օդանավակայանում էլ հորդառատ անձրեւների հետեւանքով հեղեղում է եղել. օդանավերի կայանատեղին ջրով է լցվել:

Երեւանում հրդեհավտանգ իրավիճակ է: Պատճառը հունիսի համար անսովոր օդի բարձր ջերմաստիճանն է: Առավել վտանգավոր են Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի, Եռաբլուրի, «Փարոս»-ի, Հրազդանի կիրճի, Հաղթանակի եւ Օղակաձեւ զբոսայգիների անտառագոտիները:

Հուլիսին նույնպես կլիմայական նորմայից 2-3 աստիճանով բարձր օդի միջին ջերմաստիճան է կանխատեսվում: Արաբական թերակղզուց Կովկաս հերթական արեւադարձային տաք հոսանքներ են ներթափանելու: «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր նշել է, որ Երեւանի ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանը կարող է հասնել մինչեւ 40 աստիճան տաքության: Սուրենյանը քաղաքացիներին խորհուրդ է տվել հատկապես ցերեկային ժամերին՝ 11-16-ն ընկած հատվածում, խուսափել արեւի ուղիղ ճառագայթներից:

Դոլարի ու եվրոյի վերելքը կանգ առավ, այսօր փոքր-ինչ թանկացել է միայն բրիտանական ֆունտը: Հունիսի 30-ին ամերիկյան արժույթի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 548, ռուբլունը՝ 8 դրամ 10 լումա, ֆունտինը՝ 624 դրամ:

Հուլիսի 1-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 5-6 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ