Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) ներկայացնող, ինչպես նաեւ այլ ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել լավագույն ՏՏ ստարտափի մրցանակի նախաձեռնությունը։
Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է այս բնագավառում ակտիվ ներգրավվածություն ունեցող ընկերությունների ներկայացուցիչներին հնարավորինս սեղմ ժամկետներում հանդես գալ ոլորտի դինամիկ զարգացումն ապահովող համաձայնեցված առաջարկություններով ու նախաձեռնություններով, մասնավորապես՝ կրթական եւ այլ բնագավառների վերաբերյալ:
Անդրադարձ է կատարվել նաեւ նորաստեղծ «Թվային Հայաստան» հիմնադրամի համակարգող գործառույթներին՝ թվային օրակարգի ձեւավորման եւ հետագա իրականացման գործում ընկերությունների մասնակցության համատեքստում: