News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի այսօրվա ճեպազրույցներին «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցել: Իսկ լրագրողների հետ հանդիպման եկած Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ «Ելք» խմբակցությունն ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ է դրել շրջանառության մեջ: Պատճառն անցյալ շաբաթվա վերջին Փաշինյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ տեղի ունեցած միջադեպն է: Հիշեցնենք, որ նիստերի դահլիճում վեճից հետո, ըստ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման, Գեղամյանը միջանցքում բռունցքներով հարձակվել է իր վրա: Իրավապահ մարմիններին, սակայն, Փաշինյանը չի դիմելու: «Ելք»-ը որոշել է չմասնակցել նոյեմբերի 5-ին նախանշված ՏԻՄ ընտրություններին: Դաշինքն իր մարզային կառույցներում որոշակի խնդիրներ է տեսել. դրանք կլուծեն ու կպատրաստվեն արդեն հաջորդ ընտրություններին: Դաշնակցությունն ընտրություններին կմասնակցի, բայց Աղվան Վարդանյանի տեղեկացմամբ, հիմնականում ավագանու թեկնածուներ են առաջադրելու: Իսկ Հանրապետականը թեկնածուներ կունենա գրեթե բոլոր համայնքներում, որտեղ նոյեմբերի 5-ին ընտրություններ են կայանալու: Վահրամ Բաղդասարյանն այսօր ասել է՝ ազատ մրցակցություն են ապահովելու:

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումը, ինչպես եւ սպասվում էր, լարված մթնոլորտում է անցել: Օրինագծին դեմ եւ կողմ արտահայտվողների կողմից միմյանց հասցեին հնչող մեղադրանքներ, վիճաբանություն եւ լեզվակռիվ: Մի պահ իրավիճակն այնքան է թեժացել, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ցուցադրաբար լքել է նիստերի դահլիճը: 2.5 ժամ տեւած քննարկման միայն առաջին մասը կարելի է արդյունավետ համարել:

Դավիթ Հարությունյանն ու օմբուդսմենը Հայաստանում ընտանեկան բռնությունների դեպքերի վերաբերյալ վիճակագրական տվյալներ են ներկայացրել, տվել են այս օրերին հուզող ամենակարեւոր հարցի պատասխանը. այս օրինագիծը ընտանիքից երեխային վերցնելու եւ ծնողական իրավունքից զրկելու վերաբերյալ որեւէ դրույթ չի նախատեսում: Պաշտոնական ելույթներից հետո հայտարարվել է, որ այլեւս ոչ ոքի խոսելու իրավունք չի տրվելու, լինելու է քննարկում՝ հարց ու պատասխանի ձեւաչափով: Այս հայտարարությունը բարկացրել է օրինագծին դեմ արտահայտվողներին. նրանք մոտեցել են ամբիոնին ու սկսել են վիճել արդարադատության նախարարության ներկայացուցիչների եւ առհասարակ օրինագծին կողմ արտահայտվող հասարակական կազմակերպությունների անդամների հետ: Իրավիճակը շտկել եւ նորմալ քննարկում անցկացնել այդպես էլ չի հաջողվել: 2.5 ժամ տեւած հանդիպումը, ըստ էության, կարելի է անարդյունավետ համարել:

Երեւանում բանկ են թալանել: «Կոնվերս» բանկի «Սայաթ Նովա» մասնաճյուղից տարբեր արժույթների շուրջ 96 մլն դրամի (շուրջ 200 հազար դոլար) չափով գումար են հափշտակել: Նախնական տեղեկություններով՝ անհայտ անձը սպառնացել է պայթեցնել բանկի մասնաճյուղը եւ հափշտակել է գումարը: Ավազակային հարձակման դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: Իրավապահները որոնում են ենթադրյալ հանցագործություն կատարած անձին: Այլ մանրամասներ, քննության շահերից ելնելով, դեռեւս չեն հրապարակվում:

Թուրքիայում ամերիկյան բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները դադարեցրել են ոչ միգրացիոն վիզաների տրամադրումն այդ երկրի քաղաքացիներին: Պատճառը Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի ձերբակալությունն է, որին կասկածում են իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ: Իսկ Գյուլենին, հիշեցնենք, Անկարան մեղադրում է անցած տարվա հուլիսին պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։

Թուրքիան պատասխան «հարված» է հասցրել. ԱՄՆ-ում թուրքական դեսպանատունը նույնպես կասեցրել է ամերիկացիներին վիզաների տրամադրումը: Վիզային ճգնաժամի ֆոնին արձագանքել է թուրքական ֆինանսական շուկան: Թուրքական լիրան արագորեն արժեզրկվում է. մեկ դոլարի դիմաց լիրան 3.6-ից հասել է 3.9-ի, իսկ եվրոն ռեկորդ է սահմանել՝ 4.51 լիրա:

Մոսկվայի առեւտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել. օջախների ընդհանուր մակերեսը 55 հազար քառակուսի մետր է կազմել: «Սինդիկա» առեւտրի կենտրոնից երեք հազար մարդ է տարհանվել, ավտոկայանատեղիում մի քանի մեքենա է պայթել, որոնք չեն հասցրել տարհանել: Հրդեհի հետեւանքով երկու մարդ է տուժել, որոնցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել: Առեւտրի կենտրոնի տանիքը փլուզվել է:

Երեւան է ժամանել հոլիվուդյան հայտնի դերասան Ջոն Մալկովիչը: Վաղ առավոտյան «Զվարթնոց» օդանավակայանում հայտնի դերասանին դիմավորել է Սերգեյ Սմբատյանը, իսկ կեսօրին արդեն նրանք հանդիպել են լրագրողներին: Մալկովիչը Հայաստան է եկել՝ մասնակցելու Արամ Խաչատրյանի անվան երաժշտական 5-րդ փառատոնին: Միջոցառման բացմանը հոլիվուդյան աստղը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ միասին ինքնատիպ ծրագիր է ներկայացնելու:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ավարտեց խաղերն աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում: Վերջին՝ 10-րդ տուրում Արթուր Պետրոսյանի գլխավորած թիմը հյուրընկալվեց Ղազախստանի հավաքականին: Արտագնա խաղում 1:1 հաշիվ գրանցվեց: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ առաջին խաղակեսում խփած գոլին ղազախները պատասխանեցին ընդմիջումից հետո: Ընտրական տուրի արդյունքում E խմբից առաջին տեղով աշխարհի առաջնության ուղեգիր նվաճեց Լեհաստանի հավաքականը, իսկ դանիացիները խմբում գրավեցին երկրորդ տեղը՝ նվաճելով անցումային խաղերի ուղեգիր: Այսպիսով, Հայաստանի հավաքականը 10 խաղում 2 հաղթանակ գրանցեց, 7 պարտություն կրեց, մեկ անգամ էլ խաղաց ոչ ոքի՝ ելույթն ավարտելով 7 միավորով:

Հոկտեմբերի 9-ին դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին՝ էժանացել: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 478 դրամ, եվրոյինը՝ 562, ռուբլունը՝ 8 դրամ 21 լումա, ֆունտինը՝ 629 դրամ:

Հոկտեմբերի 10-ին հանրապետության հյուսիսում, 11-ին եւ 12-ին՝ շրջանների մեծ մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ