News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցությունը համագործակցության հուշագիր է ստորագրել Վանաձորի հանրապետական քաղաքապետի հետ: Անմիջապես լուրեր տարածվեցին, որ «Հայկական վերածնունդ»-ը փոխքաղաքապետի պաշտոն կստանա, իսկ ավելի ուշ Վանաձորի քաղաքապետարանի կայքի հրապարակումը հաստատեց այդ լուրերը. նոյեմբերի 21-ին արտահերթ նիստ է գումարվելու՝ քննարկելու ավագանիում «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու հարցը: Փելեշյանի անունը, ի դեպ, կապվում է բազմաթիվ սկանդալային պատմությունների հետ:

Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտել էին ավագանու նիստերը, սակայն քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, չունենալով մեծամասնություն, շարունակում էր նիստեր գումարել եւ որոշումներ կայացնել: Սահմանադրական դատարանը նոյեմբերի 10-ին որոշում կայացրեց՝ հակասահմանադրական ճանաչելով այդ նիստերի գումարումը: Դրանից հետո «Հայկական վերածնունդ»-ը հերքում էր լուրերը, թե բանակցությունների մեջ կարող է մտնել Վանաձորի քաղաքապետի հետ՝ նշելով, որ հավատարիմ է «Լուսավոր Հայաստանի» եւ ԲՀԿ-ի հետ կնքած հուշագրին:

ՀՀԿ-ՀՎԿ հուշագրին այսօր անդրադարձ է եղել նաեւ Ազգային ժողովի խմբակցությունների ճեպազրույցներում: Լրագրողները հարցին, թե հուշագրի դիմաց ՀՀԿ-ն ի՞նչ է խոստացել «Հայկական վերածննդին», Վահրամ Բաղդասարյանը պատասխանել է, թե իրենք որեւէ ծառայության կարիք չունեն: Ավագանին լուծարելու կարիք Բաղդասարյանը չի տեսնում: Ասում է՝ մինչեւ հաջորդ տարվա մարտի 31-ը ժամանակ կա՝ ՍԴ-ի որոշման համաձայն ՏԻՄ օրենքի դրույթները Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:

Նիկոլ Փաշինյանն էլ ՍԴ-ի որոշումն այսպես է մեկնաբանում. 15 հոգով գումարված Վանաձորի ավագանու նիստերում կայացված որոշումները հակասահմանադրական են: Ասում է՝ դա նույնն է, որ հիմա այս դահլիճում հավաքված մարդկանցով Ազգային ժողովի նիստ գումարենք: Փաշինյանը նաեւ հայտարարել է, որ հիմա կարելի է արձանագրել «Հայկական վերածնունդ» կուսակցության քաղաքական մահը:

Ճեպազրույցների ընթացքում անդրադարձել են նաեւ Հաղթանակի զբոսայգուն հարակից առանձնատների հարցին: Նիկոլ Փաշինյանն ասել է՝ բացառված է, որ այնտեղ որեւէ հողակտոր կապ չունենա կոռուպցիայի հետ: Պատգամավորը «Հաղթանակ» զբոսայգին եւ նրա հարակից տարածքները կոչել է կոռուպցիայի թանգարան բաց երկնքի տակ եւ կատակել. կարելի է Հովիկ Աբրահամյանին այդտեղ գիդ նշանակել: Նախկին վարչապետի արձագանքը չի ուշացել: Հովիկ Աբրահամյանը, սակայն, որոշել է գեղարվեստորեն պատասխանել՝ ֆեյսբուքում Պարույր Սեւակից մեջբերում անելով. «Որտեղ մի պատառ չաղ ու յուղալի, կանգնած է այնտեղ նա երկյուղալի»:

Պարույր Հայրիկյանը հացադուլ է սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: ԱԻՄ նախագահն ասում է, որ որոշել է այդ կերպ ընդվզել հանձնաժողովի հակասահմանադրական գործողությունների դեմ: Հայրիկյանը ցանկանում է հանրաքվե անցկացնել ստորագրահավաքի միջոցով եւ այն սկսելու համար ձեւաթուղթ ստանալու նպատակով դիմել էր ԿԸՀ: Այստեղ, սակայն, պատասխանել են, որ «Հանրաքվեի մասին» օրենքը քաղաքացիական նախաձեռնություն չի նախատեսում: Այս պատասխանն էլ վրդովել է գործչին:

Ավելի ուշ ԿԸՀ նախագահը, այնուամենայնիվ, լրագրողների հետ զրույցում շեշտել է, որ ԱԻՄ առաջնորդը հանրաքվե անցկացնելու գործընթաց չի կարող իրականացնել, քանի որ Սահմանադրության այդ դրույթն ուժի մեջ է մտնելու 2018 թվականից, նորընտիր նախագահի կողմից պաշտոնը ստանձնելու օրը: Նշենք, որ Պարույր Հայրիկյանը հացադուլը սկսել է երեկ երեկոյան, իր տանը: Այսօր նույնպես նա ԿԸՀ-ի մոտ չի գիշերի. հացադուլը կշարունակի տանը, իսկ վաղն առավոտյան նորից Հանձնաժողովի շենքի մոտ կլինի:

«Իգլա»-ի գործով այսօրվա դատական նիստում հերթը պաշտպանական ճառերինն էր: Գործով մեղադրյալ Սամվել Բաբայանի պաշտպանը հայտարարել է, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքներն անհիմն են եւ պահանջել է արդարացնել նրան:

Ավետիս Քալաշյանը նշել է, որ մեղադրանքը կառուցված է ենթադրությունների հիման վրա, իսկ փաստական ապացույցներ չկան: Փաստաբանն ասել է, որ Արցախի պաշտպանության նախկին նախարարը որեւէ առնություն չունի «Իգլա»-ի հետ՝ հավելելով, որ Հայաստան դրա տեղափոխման նախաձեռնությունը Գաբրիելյանինն է: Քալաշյանը մեղադրողին նաեւ հորդորել է Բաբայանի մասին խոսելիս հաշվի առնել նրա անձն ու հայրենիքին մատուցած ծառայությունը: Հիշեցնենք, որ նախորդ նիստում դատախազ Արամ Արամյանն առաջարկել էր Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման:

Բագրատաշենի սահմանային անցակետում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Նոյեմբերի 19-ի լույս 20-ի գիշերն այստեղ սահմանապահի են դանակահարել: Ըստ տեղեկությունների՝ Բագրատաշեն գյուղի բնակիչները՝ երկու եղբայր, ցանկացել են հատել սահմանը: Սահմանապահ ծառայության աշխատակիցը պահանջել է բացել մեքենայի բեռնախցիկը, սակայն եղբայրները հրաժարվել են՝ հայտարարելով, որ տեղացի են, բոլորն իրենց ճանաչում են: Արդյունքում վեճ է բռնկվել: Եղբայրներից մեկը կանչել է աներձագին, որն է դանակով հարվածել է սահմանապահին: Ձերբակալվելուց հետո կասկածյալն ինքնասպանության փորձ է արել: Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ քրեական գործ է հարուցվել: Մեկ ձերբակալված կա, մեկ անձի էլ որոնում են:

Ռուսաստանում Կրասնոդար-Արմավիր ավտոճանապարհին մահվան ելքով վթար է տեղի ունեցել: Զոհերի եւ տուժածների թվում նաեւ Հայաստանի քաղաքացիներ կան: Բախվել են «ՎԱԶ-2107» եւ եւ «LADA Priora» մակնիշների մեքենաները: Վարորդները՝ Արթուր Մելիքյանն ու Վյաչեսլավ Շամպարովը, ինչպես նաեւ LADA-ի ուղեւոր Մայա Շամպարովան տեղում մահացել են, իսկ «ՎԱԶ-2107»-ի ուղեւոր Սոֆիկ Մելիքյանը հիվանդանոց է տեղափոխվել: Վթարի հետեւանքով զոհված Արթուր Մելիքյանն ու տուժած Սոֆիկ Մելիքյանն ամուսիններ են, Կոտայքի մարզից են: Մեր տեղեկություններով՝ նրանք երկու տարի է՝ Ռուսաստանում էին բնակվում, պատրաստվում էին առաջիկայում տեղափոխել նաեւ ընտանիքի մյուս անդամներին: Տուժածի վիճակը կայուն ծանր է գնահատվում:

Շուրջ 40 տարի Զիմբաբվեն կառավարելուց հետո Ռոբերտ Մուգաբեն վերջապես հեռանում է նախագահի պաշտոնից: Իհարկե՝ ոչ ինքնակամ: Աֆրիկյան այս պետությունում վերջին օրերին խառն իրավիճակ էր: Նոյեմբերի 15-ին զինվորականները գրավեցին պետական հեռուստատեսության շենքն ու հայտարարեցին, որ Ռոբերտ Մուգաբեն եւ նրա ընտանիքը կալանքի տակ են: Մայրաքաղաք Հարարեում տանկեր հայտնվեցին, սակայն հեղաշրջումն անարյուն իրականացվեց:

Իրավիճակը երկրում սրվեց, երբ 93-ամյա Մուգաբեն պաշտոնանկ արեց փոխնախագահ Էմերսոն Մնանգագվային՝ նրան մեղադրելով իշխանությունը զավթելու նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ: Փոխնախագահը հեռացավ ՀԱՀ եւ հայտարարեց, որ իր կյանքին վտանգ է սպառնում: Իսկ շատերը նաեւ համարեց, որ Մնանգագվայի պաշտոնանկությունը երկրի առաջին տիկին Գրեյս Մուգաբեի համար նախագահի պաշտոնին ճանապարհ հարթելու միջոց էր: Մուգաբեն երկար ժամանակ կոչ էր անում իրեն մինչեւ լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2018 թվականի ապրիլ ժամանակ տալ, սակայն իշխող կուսակցությունը չհամաձայնեց եւ Մուգաբեին նույնիսկ հեռացրեց կազմակերպության ղեկավարի պաշտոնից: Նախագահը, ի վերջո, որոշեց հրաժարական տալ:

Զինվորականները համաձայնել են Մուգաբեի պահանջներին, այդ թվում՝ նրան եւ կնոջը լիակատար անձեռնմխելիություն ապահովելուն եւ սեփականության պահպանմանը: Իսկ իշխող «Զիմբաբվեի Աֆրիկյան ազգային միություն-հայրենասիրական ճակատ» կուսակցությունը որոշել է երկրի նախագահի պաշտոնում առաջադրել նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի թեկնածությունը:

Նոյեմբերի 20-ին դոլարն ու եվրոն նորից արժեզրկվել են: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 571, ռուբլունը՝ 8 դրամ 19 լումա, ֆունտինը՝ 643 դրամ:

Նոյեմբերի 21-23-ը հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում, այդ թվում՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը 22-23-ը 10-15 աստիճանով կնվազի: Երեւանում սպասվում է փոփոխական ամպամածություն, հնարավոր է թույլ անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +13+14 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ