News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երկօրյա այցով Երեւան ժամանած Ռուսաստանի արտգործնախարարն այսօր հանդիպել է հայաստանցի գործընկերոջը: Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն առանձնազրույց են ունեցել, իսկ հետո հանդես եկել մամուլի ասուլիսով: Պաշտոնյաները ներկայացրել են հանդիպման արդյունքները, բայց լրագրողներին հիմնականում հետաքրքրել է ղարաբաղյան հիմնախնդիրը: Ո՞րն է բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառը հարցին Հայաստանի արտգործնախարարի պատասխանը նույնն է եղել. Ադրբեջանը հրաժարվում է կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները: Ավելին, Նալբանդյանի խոսքով, հանդիպումներից հետո ադրբեջանական կողմը Բաքու է վերադառնում եւ այնտեղից հայտարարում, որ ոչինչ էլ չեն պայմանավորվել: Նույնը եղավ Վիեննայից եւ Սանկտ Պետերբուրգից հետո:

Էդվարդ Նալբանդյանը, ամեն դեպքում, լավատես է, որ Ադրբեջանը կփոխի դիրքորոշումն ու հակամարտությունը լուծելու ցանկությունից գործնական քայլերի կանցնի: Սերգեյ Լավրովը, սակայն, չի կիսում գործընկերոջ լավատեսությունը: Լավ է, որ կողմերը հանդիպում են, քննարկում խնդիրը, բայց առաջիկայում բանակցությունների ավարտ ռուսաստանցի դիվանագետը չի կանխատեսում:

Սերգեյ Լավրովը Հայաստանում է հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Երկու երկրների համագործակցության մասին էլ նա խոսել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Օրերս ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքով, որը, ի դեպ, պատկանում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը, «Կանխատեսումներ Վերոնիկա Կրաշենիննիկովայի հետ» հաղորդման ժամանակ հեղինակն անդրադարձել էր Բրյուսելում ստորագրվելիք Հայաստան-Եվրամիություն համաձայնագրին՝ զարմանք հայտնելով այդ կապակցությամբ: Հաղորդավարը դա տարօրինակ է համարել, քանի որ Հայաստանը ԵՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ անդամ է: Հետո հերթը հասել է իշխող Հանրապետական կուսակցությանը. հաղորդման հեղինակը կուսակցության զինանշանը համեմատել է Երրորդ ռեյխի խորհրդանիշի հետ, Գարեգին Նժդեհին՝ ուկրաինացի Բանդերայի հետ: Կրաշենիննիկովան նաեւ հայտարարել է, թե Երեւանում Գարեգին Նժդեհի արձանի առկայությունը մեծ վիրավորանք է հայ ժողովրդի համար: Համացանցի օգտատերերն ակտիվորեն քննարկում են հաղորդումը՝ այն ցնցող եւ քաղաքական առումով ոչ կոռեկտ գնահատելով: Այսօր դրան վերջապես անդրադարձել է նաեւ ՀՀԿ-ն: Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ ինքն է որոշում՝ ում արձանն ու ինչպես տեղադրել: Իսկ հաղորդավարի մեկնաբանությունները Շարմազանովը տգետ ու անհեթեթ է որակել, որոնք «չեն բխում հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների փիլիսոփայությունից»։

Վանաձորի քաղաքապետն այսօր ավագանու արտահերթ նիստ էր հրավիրել՝ օրակարգային մեկ հարցով. առաջարկել է «Հայկական վերածնունդ» խմբակցության ղեկավար Արկադի Փելեշյանին առաջին փոխքաղաքապետի պաշտոն տալ: Անցյալ տարվա ՏԻՄ ընտրություններից հետո «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունների հետ ավագանու նիստերը բոյկոտող «Հայկական վերածննդի» տարածքային կառույցն օրերս հուշագիր էր ստորագրել քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ: Արդյունքում ավագանու նիստերին այսուհետ կկարողանան քվորում ապահովել: Քաղաքապետն ասում է՝ իրենք ամեն ինչ անում են վանաձորցիների բարօրության, ոչ թե պաշտոնները չկորցնելու համար: Մամիկոն Ասլանյանը նաեւ բոցաշունչ ելույթով շնորհակալություն է հայտնել առաջին փոխքաղաքապետին՝ պաշտոնը Փելեշյանին զիջելու համար:

Արկադի Փելեշյանի թեկնածությունը քվեարկության է դրվել եւ, ինչպես սպասվում էր, միաձայն հավանության արժանացել: Նիստից հետո լրագրողները Փելեշյանին հարցրել են, թե ինչո՞ւ մինչեւ հիմա չէին մասնակցում ավագանու նիստերին: Պարզվում է՝ ընտրություններում Քրիստ Մարուքյանին է ձայնը տվել ու որոշել է սատարել նիստերը բոյկոտելու որոշումը: Սակայն հետո, իր խոսքով, փոշմանել է որոշման համար: Պատճառի մասին լրագրողի հարցը զայրացրել է Արկադի Փելեշյանին:

«Սասնա ծռեր»-ի գործով առանձնացված 2-րդ մասով նիստին մեղադրողները մասնակցում են առանց համապատասխան լիազորագրի: Փաստաբան Լուսինե Սահակյանն այսօր միջնորդություն է ներկայացրել դատական նիստը հետաձգելու մասին: Պաշտպանական կողմը հիմնավորել է. դատարան ներկայացած դատախազներ Արթուր Չախոյանն ու Արամ Արամյանը դատարան լիազորագիր չեն ներկայացրել, եւ դատական նիստը չի կարող շարունակվել, եթե նրանք այս գործով որպես մեղադրող կողմ ներգրավված չեն:

Դատարանը, սակայն, այս միջնորդությանը չի անդրադարձել: Պաշտպաններից Մուշեղ Շուշանյանը նշել է, որ միջնորդությանը չանդրադառնալով եւ դատախազներից լիազորագիր չպահանջելով՝ դատարանը ցույց է տալիս, որ կաշկանդված է: Այս հիմքով էլ պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորին: Այս միջնորդությունն էլ մերժվել է: Արդյունքում ամբաստանյալներից Արամ Մանուկյանը հայտարարել է, որ դատարանը քաղաքական պատվեր է կատարում:

Չնայած եղանակը ցրտում է եւ տեղումներն ավելի առատ են դառնում, ճանապարհների անցանելիության խնդիր առայժմ չկա: Նոյեմբերի 22-ի վաղ առավոտից, սակայն, Հայաստանը հայտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Հանրապետության ամբողջ տարածքում տեղումներ են սպասվում, բազմաթիվ բնակավայրերում՝ ձյան տեսքով: Որոշ հատվածներում հնարավոր է նաեւ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, իսկ ճանապարհները կարող են մերկասառույցով պատվել: Պատկան մարմինները վարորդներին հորդորում են երթեւեկել ձմեռային անվադողերով:

Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի մոտ, ավտոմեքենան ընթացքի ժամանակ բռնկվել է: «Mercedes» մակնիշի մեքենան այրվել է եւ վերածվել մոխրակույտի: Վնասվել է եւս մեկ մեքենա. «Nissan March»-ի բեռնախցիկի հատվածը ջերմահարվել է: Տուժածներ, բարեբախտաբար, չկան:

Ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին տիեզերքից Հայաստանի եզակի լուսանկարներ է հրապարակում Facebook-ում: Հերթականը Սեւանի նկարն է: Տիեզերագնացը նաեւ հրապարակումը լրացնում է տեղանքի մասին տեղեկություններով: Ավելի վաղ Ռյազանսկին Արարատի լուսանկարներ էր հրապարակել, հետո շարքը շարունակելով Երեւանի նկարներով: Նշենք, որ Սերգեյ Ռյազանսկին հուլիսի 28-ին տիեզերք է ուղղվել «Բայկոնուր»-ից: Նա «Սոյուզ ՄՍ-05» տիեզերանավի անձնակազմի հրամանատարն է:

Նոյեմբերի 21-ին դոլարն ու եվրոն շարունակել են թուլանալ, ընդ որում եվրոն՝ ավելի քան 4 դրամով: Դոլարի փոխարժեքն արդյունքում կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 567, ռուբլունը՝ 8 դրամ 15 լումա, ֆունտինը՝ 640 դրամ:

Նոյեմբերի 22-ին հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում, այդ թվում՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար 12-15 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես տեղումներ են սպասվում, երեկոյան ժամերին՝ թաց ձյան տեսքով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, ցերեկը՝ +7+9 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ