News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Հայաստանի պետական սահմանի դիրքերից մեկի դիմաց՝ միջդիրքային տարածքում ադրբեջանցի զինվորի դի են հայտնաբերել: Պաշտպանության նախարարությունն օպերատիվ տվյալներ ունի, որ զինծառայողն Ադրբեջանի զինված ուժերի կապիտան է, վաշտի հրամանատար: Զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո նա փախուստի է դիմել: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել զինծառայողի դին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ փոխանցել ադրբեջանական կողմին: Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ մի քանի օր առաջ ադրբեջանական բանակի Նախիջեւանի ստորաբաժանումներից մեկում զանգվածային սպանություն է տեղի ունեցել: Լուրերի համաձայն՝ ադրբեջանական բանակի սպաներից մեկը կոտորել է դիրքի ամբողջ անձնակազմին ու փախուստի դիմել: Ամենայն հավանականությամբ՝ խոսքը միեւնույն միջադեպի մասին է:

Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Բելգիայում է: Նախագահի այս այցն առանձնակի ուշադրության կենտրոնում է. վաղը պետք է ստորագրվի Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին համաձայնագիրը: Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է Բելգիայի թագավոր Ֆիլիպի հետ, իսկ ավելի ուշ մասնակցելու է Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին:

Եվրամիության «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը կմեկնարկի արդեն վաղը: Ակնկալվում է, որ դրա շրջանակում Հայաստանը վերջապես կստորագրի ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: 2013 թվականին Հայաստանը որոշեց հրաժարվել ԵՄ-ի հետ գործընկերությունից եւ միացավ ԵՏՄ-ին: Այս անգամ, սակայն, հայկական ու եվրոպական կողմերը հավաստում են, որ համաձայնագրի ստորագրման համար որեւէ խոչընդոտ չկա: Կասկածներ, ամեն դեպքում, դեռ առկա են:

Հավաքի եւս մեկ խնդրահարույց հարց է գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրի ընդունումը: Շատերը մտահոգված են, որ 2015 թվականի նման այն կարող է փակուղում հայտնել: Պատճառը ղարաբաղյան հիմնախնդիրն է ու հակամարտությանը վերաբերող ձեւակերպումների հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումը: Այսօր Բրյուսելում կայացած ճեպազրույցում ընդլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը պատասխանել է հռչակագրում հակամարտությունների վերջնական ձեւակերպման մասին լրագրողներից մեկի հարցին՝ նշելով, որ փաստաթղթի շուրջ բանակցելու են մինչեւ վերջին պահը: Եվրոպացի պաշտոնյան, ամեն դեպքում, հույս չունի, որ կընդունեն հռչակագիրը, որը բոլորին 100 տոկոսով երջանիկ կդարձնի: Իրադարձություններին ուշադիր հետեւում են նեւ Եվրոպայի հայկական կառույցները: Կարեւորելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը՝ նրանք, ամեն դեպքում, կենտրոնացած են ղարաբաղյան հակամարտության հարցով գագաթնաժողովի հռչակագրի ձեւակերպումների շուրջ: 

Դեկտեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ կգումարվի: Նախաձեռնողը կառավարությունն է, իսկ որոշումը հաստատվել է գործադիրի այսօրվա նիստում: Օրակարգում 19 հարց է ներառվելու, այդ թվում՝ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագիծն ու Ռուսաստանից սպառազինություն ձեռք բերելու համար 100 մլն դոլարի վարկ ստանալու մասին համաձայնագիրը: Գործադիրը որոշել է նաեւ օգնել մարզերում կարկտահարությունից, ցրտահարությունից ու սելավներից տուժած համայնքների բնակիչներին: Այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի՝ հողօգտագործողների 2017 թվականի հողի հարկի եւ օգտագործված ոռոգման ջրի վարձավճարի մարման նպատակով:

Այսօր զեկուցված հարցերից մեկը զայրացրել է վարչապետին: Ավշար համայնքում պետք է հիմնանորոգվեր մանկապարտեզի շենքը, բայց պարզվել է, որ հնարավոր չէ: Տարածքային կառավարման նախարարությունն առաջարկում է լուծարել արդեն կնքված պայմանագրերը: Կարեն Կարապետյանին հետաքրքրել է սխալ հաշվարկների պատճառը: Վաչե Տերտերյանի բացատրությունը վարչապետին, կարծես, չի գոհացրել: Կարեն Կարապետյանն ընդհատել է փոխնախարարին:

Վարչապետի թիրախում է եղել նաեւ պետգույքի կառավարման վարչության պետը: Կարապետյանը լսել է Արման Սահակյանի զեկուցած հարցերը, հետո նշել, թե ինչ պետք է անի, որ հաստատվի հաջորդ տարվա նրա աշխատանքային պլանը:

Գործադիրը մտադիր է վերանայել հիփոթեքային վարկավորման դեպքում հարկային արտոնությունները: Նշենք, որ նորակառույց շենքում բնակարան գնելու դեպքում եկամտահարկը որպես տոկոսադրույք փոխանցվում է վարկառուին: Հիմա ուզում են նեղացնել այս արտոնությունից օգտվողների շրջանակ: Այս հնարավորությունը չի տրամադրվի 55 մլն դրամը գերազանցող գործարքների կամ այն դեպքում, երբ վարկառուն կամ համավարկառուն երկրորդ բնակարանն է գնում:

Շավարշ Քոչարյանին էլ լրագրողները հարցրել են ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության մասին: Պաշտոնյայի խոսքով՝ տեսականորեն հնարավոր է, բայց Բաքուն պետք է կատարի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի մի կարեւոր դրույթ. ԵՏՄ անդամը կամ դիտորդը չպետք է որեւէ քայլ ձեռնարկի՝ ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանրապես Միության: Իսկ միայն տնտեսական դաշտի պարագայում փաստ է, որ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Հայաստանին:

Երեւան կատարած այցի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարարն ասել էր, թե լավատես չէ ղարաբաղյան հակամարտության բանակցություններում շուտափույթ առաջընթացի հարցում: Արդյո՞ք հայկական կողմը նույնպես կարծում է, որ բանակցությունները շուտ չեն ավարտվի եւ առաջիկայում բեկում ակնկալել պետք չէ:

Վանաձորում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել. առավոտյան քաղաքի ավտոկայանի հարեւանությամբ մի երիտասարդ բեռնատար գնացքի տակ է ընկել: Նա Վանաձորի 26-ամյա բնակիչ Լեւոն Սուրենյանն է: Գնացքի 4 վագոններն անցել են երիտասարդի վրայով, բայց նա հրաշքով ողջ է մնացել: Գնացքավարը դեպքից մանրամասներ է պատմել: Երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել: Նա գլխուղեղի ցնցում է ստացել, գլխի շրջանում բաց վերքեր, գոտկատեղի շրջանում վնասվածքներ ունի: Նրա վիճակը միջին ծանրության են գնահատում:

Թբիլիսիում շուրջ մեկ օր տեւած հակաահաբեկչական գործողության արդյունքում հանցավոր խմբի մեկ անդամ է ձերբակալվել, երեքը սպանվել են: Տեղական աղբյուրների փոխանցմամբ՝ նրանք Վրաստանի քաղաքացի չեն: Հիմա հատուկ ծառայությունները փորձում են հայտնաբերել խմբի բոլոր անդամներին: Հիշեցնենք, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում անընդհատ հրաձգության եւ պայթյունների ձայներ են լսվել: Իսանի շրջանի շենքը, որտեղ թաքնվել էին կասկածյալները, բավական վնասվել է: Բնակիչները, սակայն, չեն տուժել: Գործողության ընթացքում Պետական անվտանգության ծառայության մեկ աշխատակից է զոհվել, 3 վիրավոր կա:

Դոլարի ու եվրոյի արժեւորմանը միացել է նաեւ ռուբլին: Նոյեմբերի 23-ին դոլարի փոխարժեքը կազմել է 483 դրամ, եվրոյինը՝ 572, ռուբլունը՝ 8 դրամ 29 լումա, ֆունտինը՝ 643 դրամ:

Նոյեմբերի 23-ի գիշերը հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում, իսկ կիրակի օդի ջերմաստիճանը կնվազի եւս 4-6 աստիճանով: Երեւանում նույնպես տեղումներ են սպասվում, որոշ հատվածներում՝ թաց ձյան տեսքով: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1-3 աստիճան ցուրտ, ցերեկը՝ +2+4 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ